Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշումը ունի. ԱԳՆ-ն մեկնաբանել է իսրայելական մամուլի հրապարակումը
Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշում ունի և այն չի փոխվել, քանի որ այդ զենքն օգտագործվում է ոչ միայն ռազմական թիրախներ խոցելու, այլ նաև խաղաղ բնակչության դեմ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով օգոստոսի 14-ին իսրայելական «Հաարեց»-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը պահանջել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունից դրանք փորձարկել հայկական դիրքերի վրա:
«Խնդիրների մասին տեղյակ ենք, հետևում ենք դրանց: Գործընթացներ են ընթանում: Արցախի անվտանգության հետ կապված բոլոր գործընթացներին մենք ուշադիր հետևում ենք»,- նկատեց Բալայանը:
Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերությունների հարցին՝ ԱԳՆ խոսնակը նշեց. «Եթե ուշադրություն դարձնենք մեր դիվանագիտական շփումների աշխարհագրությանը, ապա այնտեղ ինչ-որ դինամիկա կնկատենք»:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ: Իսրայելական «Մաարիվ»-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը պահանջել է ընկերությունից գնվելիք Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ:
«Հաարեց»-ի հաղորդմամբ էլ Aeronautics Defense Systems ընկերությունն, այնուամենայնիվ, կտրականապես հերքում է, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից շեշտել են, որ իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչն այդպես է նաև այս դեպքի համար»:
Իսրայելի պաշտպանության նախարարությունից էլ հրաժարվել են մեկնաբանել մամուլի այդ հրապարակումները, սակայն նշել են, որ դիմումի առնչությամբ Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալության կողմից հետաքննություն է ընթանում: