Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի տղաներն ուղղում են սխալները, խաղում վնասվածքով և հստակ քայլերով առաջ ընթանում ԱԱ-2019-ի նախընտրական փուլում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է տպավորիչ հաղթանակներ գրանցել: ԱԱ-2019 նախընտրական փուլում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին պարտվելուց հետո  Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Սլովակիայի հավաքականին և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը, ով վաստակեց 22 միավոր:

ԱԱ-2019-ի նախընտրական փուլի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով գլխավորում է Ա ենթախումբը:

Խմբի մյուս խաղում Շվեդիան 88-72 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինային։

Կարդացեք նաև

Սլովակիայի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչն ամփոփեց խաղի արդյունքները:

«Մենք շատ լավ խաղացինք պաշտպանությունում, տղաներին շատ լավ տրամադրել էինք խաղին և նշել, որ, եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լավ գործել պաշտպանությունում: Եվ այսօր տղաներն անձնուրաց խաղացին:

Պետք է նաև շնորհակալություն հայտնենք Անդրանիկ Չրաբաշին, ով վնասվածք ուներ, նա չէր մարզվել հանդիպումից առաջ, բայց շատ լավ հանդիպում անցկացրեց, և արեց ամեն ինչ, որ իր թիմը հաղթի այս խաղում:

Ես կարծում եմ, որ մեր ենթախմբում շատ խճճված վիճակ է, քանի որ այսօր Շվեդիան հյուրընկալվելիս հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

Շարունակում եմ պնդել, որ Սլովակիան լավ թիմ է, այս ենթախմբում ընդհանրապես շատ ուժեղ թիմեր են հավաքվել, մենք արդեն 3 հաղթանակ ունենք , բայց դեռ պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել:

Պետք է նշեմ նաև վիճակագրությունից մեկ կարևոր փաստ: Մրցակիցը հանդիպման ընթացքում 19 անգամ է կորցրել գնդակը, իսկ մենք՝ 9: Դա ցույց է տալիս, որ մենք շատ ուշադիր ենք խաղացել և ստիպել ենք մրցակցին հանդիպման ընթացքում մի քանի անգամ սխալվել»,- նշում է Նիկշա Բավցևիչը:

Խաղի մասին խոսել է նաև Սլովակիայի ազգային հավաքականի մարզիչ Իվան Ռուդեշը: Ռուդեշը նշում է, որ իրոք տպավորված է Հայաստանի հավաքականով. Հայաստանի դրոշի շուրջ ուժեղ թիմ է հավաքվել:

«Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ: Հայաստանի մի քանի խաղացողներ շատ մեծ դեր խաղացին իրենց հավաքականի հաղթանակի համար, Ռայան Բոաթրայթին ընդհանրապես հնարավոր չէ պահել, իսկ Արկադի Մկրտիչյանն այսօր ուղղակի սպանեց Սլովակիային իր էներգիայով և լավ խաղով, շատ լավ խաղաց նաև Կրիս Յանկուն, ով մեծ խնդիրներ ստեղծեց մեզ համար»:

Իվան Ռուդեշը նշեց, որ վտանգավոր էր նաև Ալան Հեսսը, ով շատ լավ դիպուկություն ունի և ամեն պահի կարող է փոխել խաղի ընթացքը:

Արկադի Մկրտչյանը, ով, ըստ Սլովակիայի հավաքականի՝ մարզչի լավագույններից մեկն էր, նշել է, որ Հայաստանի հավաքականը մեկնել էր միայն հաղթելու նպատակով;

«Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունից հետո մարզիչը շատ լավ էր տրամադրել մեզ խաղին։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք պաշտպանությունում, և դա տվեց իր արդյունքը։

Առաջին քառորդն ավելի բարդ ստացվեց, քան մյուսները, սակայն կարևորը, որ հաղթանակ տոնեցինք և ավելի մոտեցանք մեր նպատակին»։

Հիշեցնենք, որ խմբում առաջին 2 հորիզոնականները գրաված թիմերը դուրս կգան ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները կսկսվեն նոյեմբերից։

Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի օգոստոսի 16-ի Ուպսալաում, մրցելով  Շվեդիայի հավաքականի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս