Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է. Կորեայում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել կորեական պարբերականին
Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը կորեական պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կորեացի զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը որպես զբոսաշրջության կարեւոր ուղղություն: Նա, մասնավորապես, ներկայացրել է այն գեղատեսիլ վայրերը եւ Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին:
«Հայաստանը հաճախ են անվանում «թանգարան բաց երկնքի տակ»: Այն այցելուներին ներկայացնում է ժամանակակից հասարակության եւ հարյուրամյա ավանդույթների միասնություն, մշակույթ. մի վայր է, որտեղ արեւմտյան ապրելակերպը հիմնված է արեւելյան ավանդույթների վրա: Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին՝ Հռոմից դեռեւս 79 տարի առաջ: Գառնիի հեթանոսական տաճարից բացի Հայաստանում կան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, անթիվ պատմական գտածոներ, որոնք հասանելի են այցելուներին: Վանքերից եւ ամրոցներից շատերը գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Korea post-ի հետ զրույցում ասել է դեսպանը:
Աստղադիտությամբ հետաքրքրված զբոսաշրջիկների համար նա առանձնացրել է Քարահունջը, անդրադարձել է նաեւ մայրաքաղաք Երեւանին:
«Երեւանը՝ մեր վարդագույն քաղաքը, աշխարհի ամենահին քաղաքներից է: Այն սկզբնավորվել է դեռևս Ք.ա. 8 դարից, երբ 782 թվականին Արգիշտի 1-ի օրոք հիմնադրվեց Էրեբունի ամրոցը: 2018 թվականի աշնանը Երեւանը կտոնի հիմնադրման 2800-ամյակը. այն ճանաչվել է ամենահին մշտական բնակեցված մայրաքաղաքը: Մեր տոնակատարություններին մեծ թվով զբոսաշրջիկների ենք սպասում»,-ներկայացրել է նա:
Հրանտ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը նաեւ նպատակահարմար ուղղություն է գինու սիրահարների համար, գինու գիտակների համար այն դառնում է առաջատար նպատակակետ:
«Արենիում կազմակերպում ենք ամենամյա գինու փառատոնը, ինչպես նաեւ մայիսի սկզբին Երեւանում կանցկացնենք եւս մի փառատոն: 2012 թվականին «Զորահ» հայկական գինին հայտնվեց Բլումբերգի՝ աշխարհի առաջատար գինիների տասնյակում»,-նշել է դեսպանը:
Հրանտ Պողոսյանի ներկայացմամբ՝ Հայաստանը նաև առաջարկում է զբոսաշրջիկներին բացահայտել հայկական դասական եւ ժամանակակից երաժշտությունը.
«Հայաստանը ջազի սիրահարների համար լավագույն կենտրոններից է, որը համալրվում է նոր անուններով՝ Տիգրան Համասյան, Միքայել Ոսկանյան»:
Դեսպանը հայկական խոհանոցի, մշակույթի, գինու ավանդույթների մասին խոսելուց զատ ընդգծել է այն , որ Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով վայրերից է