«Այնքան տնօրեն կազատեմ աշխատանքից, որքան անհրաժեշտ կլինի». Ջեջելավա
«Զուգարանների հարցը կմնա օրակարգում, մինչև բոլոր տնօրենները դա կհամարեն առաջնային խնդիր»,- այս մասին. ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան:
Ըստ նախարարի՝ տնօրեններից շատերն այս հարցին լուրջ ուշադրություն են դարձրել և կարևոր փոփոխություններ են արել:
«Ինձ հարցնում են, թե արդյոք աշխատանքից կազատեմ տնօրեններին այս պատճառով: Այո, կազատեմ: Քանիսն էլ կորոշեն, որ երեխայի առողջության հաշվին կարելի է էներգիա և ռեսուրս խնայել, այդքանն էլ կազատվեն աշխատանքից: Շնորհակալություն Աստծուն, որ շատ տնօրեններ հարցը կարևորել են և էական փոփոխություններ ունենք, չնայած, պետք է նշեմ, որ այդ փոփոխությունները հեռու են մեզ անհրաժեշտ ստանդարտներից»,- հայտարարել է Ջեջելավան, ով դեռևս տարեսկզբին անդրադառնալով դպրոցների սանիտարահիգիենիկ պայմաններին՝ ցավալի էր համարել, որ բազում դպրոցների զուգարաններ նույնիսկ դուռ չունեն, այն դեպքում, երբ բյուջեում դրա համար բավականաչափ գումար կա: