Գերմանացիների մեծամասնությունն ամաչում է հանգստի ժամանակ հայրենակիցների անվայել պահվածքից
Գերմանիայի բնակիչներն ամաչում են հայրենակիցների համար, որոնք իրենց անպարկեշտ են պահում հանգստի ժամանակ: Ինչպես ցույց է տվել YouGov սոցիոլոգիական ծառայության հարցումը, Գերմանիայի բնակիչների 81 տոկոսն անհարմար է զգում, երբ հարկադրված է տեսնել այլ գերմանացիների գռեհիկ պահվածքը: Նման դեպքերում ոչ մի ամոթ չի զգում հարցվածների 14 տոկոսը, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Հետազոտության մասնակիցներն ընդունել են, որ հանգստացողներն այնուամենայնիվ պետք է բարոյական իրավունք ունենան արձակուրդի ժամանակ անել այն ամենն, ինչը թույլ է տալիս թուլանալ: Այս տեսակետին է հարցման մասնակիցների 90 տոկոսը: 1029 հարցվածների 8 տոկոսը համաձայն չէ այդ պնդմանը:
Գերմանացիները տարեկան ավելի քան 60 միլիարդ եվրո են ծախսում ճանապարհորդությունների վրա: Արտասահմանում առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների թվում են Իսպանիան, Իտալիան եւ Ավստրիան: Նախկինում այս թոփ-5 ցուցակում անփոփոխ կերպով Թուրքիան էր, բայց Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների սառեցումից հետո Թուրքիայի առողջավայրերի ժողովրդականությունը գերմանացիների մոտ նվազել է:
Նաեւ Գերմանիայի բնակիչներն ակտիվորեն ճանապարհոդրություններ են կատարում ավտոմոբիլով՝ գիշերելով քեմպինգներում: Ամեն տարի հանգստի այս տեսակի օգտին ընտրություն Է կատարում Գերմանիայի 800 հազար բնակիչ: Գերմանացիների մեջ մեծ ժողովրդականություն են վայելում ծովային եւ գետային ճամփորդությունները: Գերմանիայի՝ նման ճանապարհորդություններ կազմակերպող ընկերությունների ընդհանուր շրջանառությունը կազմում է տարեկան ավելի քան 3 միլիարդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: