«Հայաստանի ներդրողների ակումբ»-ը կիրականացնի «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին:
Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև 2017թ. ապրիլի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Վերջինս, առաջնորդվելով հուշագրի դրույթներով դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագիրն իրականացնելու առաջարկով և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նախաձեռնությամբ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից, որի նպատակն է հասնել մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: «Հայտնի է, որ Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները մնում են թերօգտագործված, այս ներդրումային ծրագիրը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը:
Ծրագիրը կիրականացվի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Այն «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի առաջին խոշոր ծրագիրն է, որը քննարկվել է ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ բավականին մանրակրկիտ»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը համապատասխանում է բնապահպանական կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչներին:
Ծրագրի շրջանակում ներդրումային ֆոնդը համագործակցելու է արևմտյան մասնագիտացված ընկերությունների հետ:
Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է 150-180 մլն դոլար, սակայն այն կարող է լրացուցիչ ճշգրտվել: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խոսքով՝ ՀԷԿ-ն իրենից կներկայացնի ժամանակակից բարդ ինժեներական կառույց, այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և բնապահպանական տեսանկյունից հնարավորինս անվտանգ: ՀԷԿ-ը կարտադրի էլեկտրաէներգիայի մեր երկրի ներքին սպառման հինգ տոկոսը: Այս ՀԷԿ-ի կառուցման և արդեն իսկ տրված լիցենզիաների շրջանակում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում մեր երկրի ներքին ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կմոտենա 50 տոկոսի:
Ըստ Աշոտ Մանուկյանի՝ 10 տարի առաջ նույն ցուցանիշը հասնում էր 18-20 տոկոսի: Ծրագրի վերաբերյալ ստացվել է 500-ից ավելի դիտողություն և առաջարկություն, որոնց հիմնական մասն ընդունվել է: Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կառուցապատողը պարտավորվում է կառուցել ՀԷԿ-ը: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:
Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ներկայացվել է լավ և հեռանկարային ծրագիր: