Բաժիններ՝

«Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքում հայ տանկիստները զբաղեցրեցին 3-րդ տեղը

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Ռուսաստանում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքում ՀՀ Զինված ուժերի անձնակազմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` մրցատարածությունը հաղթահարելով 2 ժամ 37 րոպեում: Կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքում հաղթող ճանաչվեցին Բելառուսի տանկիստները՝ հաղթահարելով 1 ժամ 46 րոպեում, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանը` 1 ժամ 51 րոպե, իսկ չորրորդ տեղը Մոնղոլիան` 2 ժամ 40 րոպե:

ՀՀ Զինված ուժերի 1-ին անձնակազմը ներկայացնում էին տանկի հրամանատար սերժանտ Արմեն Առուստամյանը, նշանառու-օպերատոր շարքային Աշոտ Մանուկյանը, մեխանիկ-վարորդ շարքային Զավեն Աբրահամյանը: 1-ին անձնակազմին փոխարինել է 2-րդ անձնակազմը` տանկի հրամանատար սերժանտ Նորայր Աբրահամյանը, նշանառու-օպերատոր շարքային Հայկ Մելիքջանյանը, մեխանիկ-վարորդ շարքային Վարուժան Ասատրյանը:

Վերջին փուլում մասնակցել է ՀՀ ԶՈՒ 3-րդ անձնակազմը` տանկի հրամանատար սերժանտ Հարություն Դավթյանը, նշանառու-օպերատոր շարքային Արթուր Գրիգորյանը, մեխանիկ-վարորդ շարքային Հայկ Գրիգորյանը:

«Տանկային բիաթլոն» մրցույթում ՀՀ Զինված ուժերի անձնակազմը ներկայացնում էին 19-ամյա ժամկետային զինծառայողներ:

Հայկական անձնակազմը մասնակիցների մեջ ամենաերիտասարդն է:

Կիսաեզրափակիչի առաջին մրցավազքում՝ օգոստոսի 8-ին, հանդես են եկել Ղրղզստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Սերբիայի տանկիստները. ՌԴ-ն զբաղեցրել է առաջին տեղը: Իսկ երրորդ օր՝ օգոստոսի 10-ին, Չինաստանի, Վենեսուելայի, Իրանի և Հնդկաստանի տանկիստները կորոշեն լավագույններին:

Եզրափակիչը կկայանա օգոստոսի 12-ին: Եզրափակիչում իրար դեմ կմրցեն 4 լավագույն արդյունքը ցույց տված երկրները:

«Միջազգային բանակային խաղերն» այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի զինափորձարաններում: Մասնակցում են 22 երկրի 1200 զինծառայողներ, ովքեր ներառված են 28 մրցումներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս