Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի արտգործնախարարի օգնականին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 8-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Լի Հաուիլայի գլխավորած պատվիրակությանը, որ Երևանում է գտնվում երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ Հայաստանում Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում են որպես արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի բարձրաստիճան դիվանագետը Հայաստանի արտգործնախարարին է փոխանցել ՉՀԺ ԱԳ նախարար Վան Իի ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել, որ իր երկիրը ցանկանում է էլ ավելի խորացնել Հայաստանի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը և ամրապնդել բարեկամական կապերը: «Հայաստանի և Չինաստանի աննախադեպ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները և բարեկամությունը հիմնված են անկեղծության և փոխադարձ հարգանքի վրա»,- շեշտել է Լի Հաուիլայը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Կողմերն արժևորել են Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում ձևավորված և տարբեր բնագավառներում հաստատված սերտ համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լի Հաուիլայը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող բազմաթիվ հարցեր, կարևորել քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցությունը, միմյանց համար կարևոր հարցերում փոխադարձ շարունակական աջակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը։ Այս առումով անդրադարձ է արվել հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Լի Հաուիլայը կարևորել է այս տարվա մայիսին Պեկինում տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այդ ծրագիրը լայն հնարավորություն է ընձեռում երկկողմ տնտեսական փոխգործակցության խթանման համար: Էդվարդ Նալբանդյանը շեշտել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ ակտիվորեն մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Այս առնչությամբ կարևորվեց Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտական կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին անկախությունից ի վեր ցուցաբերվող օժանդակության համար:

Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով հիմնախնդրի կարգավորման հարցում բարեկամ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Իր հերթին, Լի Հաուիլայն ընդգծեց, որ Չինաստանը սատարում է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը ներկա են գտնվել Երևանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս