Հրաման՝ սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին (ցանկ)
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված որսահանդակներում թույլատրել հետևյալ կենդանատեսակների սիրողական որսը.
1) լոր- 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
2) աղավնի (թխակապույտ և անտառային)– 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
3) կտցար (բացառությամբ ՀՀ կարմիր գրքում գրանցվածների)– 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
4) արտույտ (դաշտային, տափաստանային)-2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
5) սարյակ (սովորական) – 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև դեկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փարփար, եղեգնահավ) –2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
8) քարակաքավ- 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
9) աղվես – 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):
- 2017-2018 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման:
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին, իսկ վերջինիս լուծարումից հետո` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝
1) որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրականացման գործընթացի վերահսկողությունը,
2) սահմանված կարգով, յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը, ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացնել հաշվետվություն սիրողական որսի վերահսկողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: