Մահացել է քանթրի-երգիչ Գլեն Քեմփբելը
ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին 81 տարեկան հասակում վախճանվել է դերասան, երգիչ եւ երաժիշտ Գլեն Քեմփբելը: Համապատասխան հաղորդագրությունը զետեղված է արտիստի պաշտոնական կայքում։
«Խորը վշտով հայտնում ենք, որ 81 տարեկան հասակում Ալցհայմերի հիվանդության դեմ երկարատեւ եւ արիակամ պայքարից հետո մահացավ սիրելի ամուսին, հայր, պապ եւ լեգենդար երգիչ ու կիթառահար Գլեն Թրեւիս Քեմփբելը»,- ասված է տեքստում: Նշվում է, որ երգիչը վախճանվել է Նեշվիլ քաղաքի (Թենեսիի նահանգ) կլինիկայում:
Կեսդարյա կարիերայի ընթացքում երաժիշտը թողարկել է ավելի քան 70 ալբոմ, որոնց ընդհանուր քանակը գերազանցել է 40 միլիոն օրինակը: Նա բազմիցս դարձել է Grammy մրցանակի դափնեկիր: 2012 թվականին Քեմփբելին պատվավոր Grammy են հանձնել երաժշտության եւ ձայնագրության զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար: 2005 թվականին նրա անունը գրանցվել է Նեշվիլում Քանթրի-երաժշտության փառքի սրահի ցուցակներում:
Ստեղծագործական ուղու սկզբում նա որպես կիթառահար է հանդես է եկել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան եւ Էլվիս Փրեսլին, ինչպես նաեւ The Beach Boys խմբի հետ: 1960-ականներից Քեմփբելն սկսել է հանդես գալ որպես մենակատար: Նրա ժողովրդականությունը գագաթնակետին է հասել նույն տասնամյակում, 1967 թվականին նրան Grammy են շնորհել միանգամից երկու անվանակարգերում՝ “Gentle on My Mind” եւ “By the Time I Get to Phoenix” երգերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: