Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն հրթիռային հարվածով է սպառնացել Գուամի ամերիկյան ռազմակայանին

Հյուսիսային Կորեան քննարկում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: ԿԺԴՀ-ն այս կերպ է պատասխանել նախագահ Դոնալդ Թրամփին, որը խոստացել է հյուսիսկորեացիների վրա թափել ԱՄՆ-ի «հուրն ու ցասումը», եթե Փենյանի գործողություններն սպառնան Միացյալ Նահանգներին, տեղեկացնում էBBC-ին:

ԿԺԴՀ-ի զինվորականները «հանգամանորեն ուսումնասիրում են» հարձակման պլանը՝ միջին հեռահարության «Հվասոն-12» հրթիռների կիրառմամբ, նշված է հյուսիսկորեացի զինվորականների հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ինչպես ասված է հայտարարության մեջ՝ կորեական բանակի ներկայացուցչի վկայակոչմամբ, «պլանը գործի կդրվի, հենց որ առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշում ընդունի»:

Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին չտեսնված «հրով ու ցասումով» է սպառնացել, եթե Փենյանը վտանգի ենթարկի Ամերիկային:

Թրամփի սպառնալիքը հնչել է այն հաղորդումների ֆոնին, որ ԿԺԴՀ-ն արտադրել է միջուկային մարտագլխիկ, որը կարելի էտեղակայել Հյուսիսային Կորեայի ունեցած հրթիռների վրա:

ԿԺԴՀ-ի կողմից նոր պոտենցիալ սպառնալիքի մասին գրել է Washington Post-ը: Դա նշանակում է, որ Հյուսիսային Կորեան շատ ավելի արագ տեմպերով է մշակում միջուկային զենք, որը կարող է խոցել ԱՄՆ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս