Գերմանիայում սխալմամբ ցուցադրել են «Թվին Փիքսի» ոչ այն էպիզոդը՝ զայրացնելով սերիալի երկրպագուներին
Sky Germany հեռուստաալիքը սխալմամբ մեկ շաբաթ շուտ է ցուցադրել ամերիկյան «Թվին Փիքս» (Twin Peaks) հեռուստասերիալի սերիան՝ բաց թողնելով մեկ էպիզոդ: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել է Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը։
Հեռուստառադիոընկերության տեղեկատվությամբ՝ «Թվին Փիքսի» 13-րդ սերիան ԱՄՆ-ում ցուցադրվել է օգոստոսի 6-ի երեկոյան: Հաջորդ առավոտյան էպիզոդը պետք է բեռնվեր Sky Germany հեռուստաալիքի հոսքային ծառայությունում: Սակայն սխալի պատճառով հեռուստադիտողները դիտել են 14-րդ էպիզոդը, որը համարակալված է եղել որպես 13-րդ:
Նշվում Է, որ այս միջադեպը վրդովմունքի ալիք է առաջացրել սերիալի մոլի երկրպագուների շրջանում: Նրանցից ոմանք նույնիսկ ենթադրել են, թե այն եղել է կանխամտածված, որպեսզի «խորհրդավորության» որոշ զգացողություն ավելացվի տեղի ունեցածին, որը սերիալի գլխավոր տարբերիչ գծերից մեկն է:
Մեկնարկած երրորդ եթերաշրջանը, որը բաղկացած կլինի 18 սերիաներից, եթեր է հեռարձակվել երկարատեւ ընդմիջումից հետո: ԱՄՆ-ում երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայի ցուցադրությունն ABC հեռուստաալիքի եթերում կայացել է 1991 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: