Բաժիններ՝

Թուրքական իշխանություններն առգրավել են Սևան Նիշանյանի բանկային միջոցները

Թուրքական իշխանություններն առգրավել են պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանի բանկային միջոցները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիշանյանը:

«Բանկային հաշվում սև օրվա համար 12 հազար լիրա ունեի: Թուրքիայի Հանրապետությունը չգտավ այլ բան, քան դա առգրավելը: Պետություն չէ, ավազակախումբ է»,- գրել է նա:

Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է):

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Նիշանյանը Հունաստանի իշխանություններից ստացել է ժամանակավոր՝ վեց ամսյա կեցության իրավունք: Հուլիսի 25-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին: «Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ»,- հայտնել էր նա:

Մտավորականը տեղեկացրել էր նաև, որ օրինական կերպով հանգիստ շրջելու իրավունք ստանալուն պես առաջին իսկ հնարավորության դեմքում կցանկանա գալ Հայաստան: «Բանտում գտնվելուս ժամանակ Հայաստանում գտնվող ընկերներիցս մեկ աջակցություն ու սեր եմ ստացել: Շատ մարդիկ կան, ում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս