Ինչո՞ւ է թիրախային երկրների ցանկում ԵԱՏՄ-ից միայն Ռուսաստանը ներառվել
«Մենք ունենք 5 տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում։ Ցավոք, պետք է նշենք, որ ոչ բոլոր դեսպանություններում է, որ դիվանագետների հաստիքակազմը բավարար է ունենալու առանձին մասնագետներ տնտեսական առևտրային հարցերով զբաղվելու համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ մեկնաբանելով գործադիրի ընդունած որոշումը՝ ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշերը, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշերը հաստատելու մասին։
Ըստ նրա՝ ժամանակին ստեղծվեց առևտրային ներկայացուցչի ինստիտուտը, իսկ այժմ տնտեսական բաղադրիչն ակտիվացնելու համար պետք է նախ խնդիրները հստակ ձևակերպել, մոտեցումներ մշակել, թե ինչ չափանիշերով պետք է գնահատվի դեսպանությունների աշխատանքը։
«Համոզված եմ, որ սա կունենա իր որոշակի արդյունքները»,- ասաց Գ. Մելքոնյանը՝ հավելելով, որ սա պիլոտային ծրագիր է, հետագայում ենթակա է զարգացման, այդ թվում՝ երկրների ցանկի վերանայման առումով։
Թե ինչո՞ւ է թիրախային երկրների ցանկում ԵԱՏՄ-ից միայն Ռուսաստանը ներառվել, փոխնախարարը պատասխանեց. «Ցանկը հաստատվել է միայն առավել թիրախայինների մասով»։
Մանրամասները՝ տեսանյութում: