Աբխազիայում փրկարարները գտել են զինապահեստի պայթյունի երկու զոհերի մարմինները
Աբխազիայում օգոստոսի 3-ի առավոտյան պատահարի վայրից ոչ հեռու գտել են այն երկու մարդկանց մարմինները, որոնք զոհվել են զինամթերքի պահեստում պայթյունների ժամանակ ստացած բեկորային վերքերից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում:
«Աղբյուրից փոքր-ինչ վեր գտնվել են երկու մարդկանց, ենթադրաբար, զբոսաշրջիկների մարմինները, որոնք զոհվել են բեկորային վերքերից: Փնտրում ենք եւս մեկ մարդու»,- ճշտել են գերատեսչությունում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհվածները սանկտպետերբուրգցի երկու կանայք են՝ ծնված 1970 եւ 1962 թվականներին: Պոդոլսկից եւս մեկ կնոջ՝ Լյուդմիլա Պոլյակովային, գտել են վիրավոր վիճակում: Հանրապետության
ներքգործնախարարությունում նշել են, որ զբոսաշրջիկները, հավանաբար, զոհվել են առաջին պայթյունների ժամանակ, երբ վերադառնում էին ջրվեժից, որը գտնվում է պատահարի վայրից ոչ հեռու:
Օգոստոսի 2-ին Գուդաութայի շրջանի Պրիմորսկոյե գյուղում Աբխազիայի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վիրավորվել է 60 մարդ, նրանցից 28-ը հոսպիտալացված են: Հետաքննությամբ զբաղվում է հանրապետության տրանսպորտային դատախազությունը: