Խորագիր:

«Եթե նույնիսկ գրքերի գները անհարմար են, ապա դա նրանից չէ, որ գրքերը թանկ են». գրականագետ

«Եթե նույնիսկ գրքերի գները անհարմար են, ապա դա նրանից չէ, որ գրքերը թանկ են». գրականագետ

«Մենք կամաց-կամաց պետք է ազատագրվենք բարդույթից և արձանագրենք, որ ներկա սերունդը կարդում է: Գրադարաններ, գրախանութներ հաճախողների 70 %-ը 18-35 տարեկան երիտասարդներ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրա պնդմամբ՝ գրադարաններում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ միշտ կա ընթերցողների որոշակի հոսք, և գրքեր կան, որ չեն մնում գրադարաններում: Նրա խոսքով՝ եթե գրադարաններում հոսքը շատ չէ, ապա խնդիրն այն է, որ գրադարանը երկար ժամանակ նոր գրքերով չի համալրվել:

Բանախոսի դիտարկմամբ՝ այսօր հայ արդի գրողներից ամենաշատ ընթերցվողը Լևոն Խեչոյանն է: Վերջինիս խոսքով՝ հայ սիրված հեղինակներից են Հովիկ Չարխչյանը, Գուրգեն Խանջյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Գրիգը:

«Եթե 6-7 տարի առաջ մարդու ձեռքը չէր գնա ժամանակակից գրողի գիրքը առներ՝ մտածելով՝ «լավ, ի՞նչ պետք ա գրի», ապա այսօր մենք ժամանակակից գրողներ ունենք, ովքեր կարողացել են սպառել իրենց գրքերի առաջին տպաքանակները, իսկ Հայաստանում տպաքանակի առավելագույնը 500 օրինակն է:

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ ցավալին այն է, որ ներկայումս փող չեն տալիս պոեզիային, իսկ պատճառը սոցիալական ցանցերն են ու կայքերը: Քանի որ ստեղծագործությունների տարածությունը փոքր է, հետևաբար՝ արագ դնում են կայքերում, ու ստեղծագործությունը տարածվում է միանգամից:

Բանախոսը նշեց, որ բեսթսելլեր է դարձել Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների գիրքը: Նաև երեք բանաստեղծ կա, որոնց գրքերը շարունակում են վաճառվել. Հուսիկ Արա, Էդուարդ Հարունց, Ավագ Եփրեմյան:

Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի՝ այսօր ամենաշատը կարդում են համաշխարհային գրականություն, իսկ պատճառն այն է, որ միջազգային գրականությունն արդեն գովազդված և արժևորված է ներկայանում ընթերցողին:
Արքմենիկ Նիկողոսյանը թվարկեց այն գրքերը, որոնք, իր խոսքով, գովազդի կարիք չունեն։ Դրանք են. Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», Ջորջ Օրուելի «Անասնաֆերման», «1984», Ջեյն Օսթինի՝ «Հպարտություն և Նախապաշարմունք», որը հատկապես կանայք են առնում: Մեծ պահանջարկ ունի նաև  բարդ վեպ համարվող Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպը:

«Կան գրքեր, որոնց համար գովազդ չի արվել, բայց հենց սկզբից էլ մարդիկ հավանել են և գնել, օրրնակ՝ Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը»: Ամենավաճառվածը՝ 6 ամսում՝ 424 օրինակ, Պաուլո Կոելիոյի՝ «Ալքիմիկոսն է»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականագետի կարծիքով՝ որոշակի քայլեր կան, որոնք մարդկանց դրդում են կարդալու: Նրա խոսքով՝ երբ հասարակության մեջ քիչ թե շատ հեղինակություն վայելող մարդիկ հրապարակավ խոսում են մի գրքի մասին, ապա այդ գիրքը շատ արագ սկսում է տարածվել: Արքմենիկ Նիկողոսյանն օրինակ բերեց հետևյալ դեպքը. անցած տարվա դեկտեմբերին դերասան Սամվել Թադևոսյանն ասել էր, որ կարդում է «Կեցության անտանելի թեթևությունը», դրանից հետո ընդամենը 15 օրվա ընթացքում 200 գիրք վաճառվել է, այնինչ 6 ամսվա ընթացքում այդ գրքից վաճառվել էր 253 հատ:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք գրքերի գները համապատասխանում են մարդկանց գրպաններին, թե՞ ոչ, բանախոսը պատասխանեց.

«Եթե նույնիսկ գրքերի գներն անհարմար են, ապա դա նրանից չէ, որ գրքերը թանկ են, այլ մեր երկրում սոցիալական վիճակն է վատ, մեր աշխատավարձն է ցածր: Այն գները, որոնցով վաճառվում են գրքերը, նորմալ են»:

Անդրադառնալով ժամանակակից գրականության հիմնախնդիրներին՝ բանախոսն ասաց, որ հիմնական խնդիրը Facebook սոցցանցն է։

«Տալիս են չեփած, չմարսված, չապրված նյութ: Եթե նախկինում գրողը փուլեր էր անցնում հրապարակ գալու համար, այսօր չկա դա, և դա խախտում է գրականության արժեհամակարգը: Իսկ այսօր նաև արժեհամակարգ ճշտելու խնդիր ունենք: Բացի այդ, վերջին տարիներին թեմաների լճացում էր նկատվում, հիմա տեղն է գալիս»,- ասաց գրականագետը:

Անի Թորոսյան

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։