Դատի ընթացքում Ռոնալդուն խոսել է 90 րոպե. Ի՞նչ պատիժ կկրի ֆուտբոլիստը
Ինչպես հայտնի դարձավ վերջին ամիսներին, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Ըստ միջազգային մամուլի տեղեկությունների՝ 2011 թվականից մինչև 2014 թվականը ֆուտբոլիստը չի վճարել 14,7 մլն եվրոյի հարկ:
Այս տեղեկություններից հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ակումբի ղեկավարությունն աջակցում է Ռոնալդուին, քանի որ գիտի, որ 2009 թվականից ի վեր Ռոնալդուն պարտաճանաչորեն վճարել է հարկերը:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը վստահություն է հայտնել, որ Ռոնալդուն այս պատմությունից հետո կապացուցի իր անմեղությունը:
Ըստ իսպանական մամուլի՝ մադրիդյան ակումբը կանի ամեն բան, որպեսզի դատական գործընթացներն արագ ավարտվեն:
Ֆինանսական մասնագետների միության քարտուղար Խոսե Մարիա Մոլյինեդոնին հայտարարել է, որ Ռոնալդուի գործը քննվում է և ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլիստը 160 միլիոն եվրո է թաքցրել հարկային դաշտից:
Ռոնալդուն շարունակել է թաքցնել հարկերը 3 տարի շարունակ: Եթե մեղադրանքը հաստատվի, ապա ֆուտբոլիստը կարող է ազատազրկվել 6 տարով:
Սակայն իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Ռոնալդուն չի ազատազրկվի, քանի որ հարկերից խուսափելու համար նա օգտագործել է օֆշորային ընկերություններ:
Այս խորամանկության շնորհիվ՝ պորտուգալացին կարող է խուսափել ազատազրկումից՝ վճարելով մեծ տուգանք:
Երեկ արդեն կայացել է դատական նիստը, որին մասնակցել է նաև Ռոնալդուն: Ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Իսպանիայի հարկային ծառայությունները տեղյակ են եղել իր բոլոր եկամուտների մասին, և ինքը ոչ մի գումար չի թաքցրել:
«Ես միշտ ինքս եմ լրացրել հարկային հաշվետվությունները: Բոլորը պետք է վճարեն հարկերը:
Իմ ֆինանսական խորհրդատուները ևս վստահ են, որ ամեն բան կարգին է: Իմ գործը ֆուտբոլն է, ես չեմ ցանկանում լրացուցիչ խնդիրներ ունենալ»,- նշել է ֆուտբոլիստը:
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ առաջին դատական նիստի ընթացքում Ռոնալդուն խոսել է գրեթե 90 րոպե և հայտարարել է, որ ինքն անմեղ է:
Ֆուտբոլիստը նշել է, որ չի ներկայացել դատարան իր արածներն արդարացնելու համար: Ըստ Ռոնալդուի՝ բոլորը գիտեն, որ ինքն անմեղ է, այդ իսկ պատճառով նա ներկայացել է դատարան իր հեղինակության համար:
«Ես այստեղ եմ, որովհետև ես Կրիշտիանու Ռոնալդուն եմ»,- նշել է ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան