«Դոնալդ Թրամփը գտնվում է շատ ծանր և իզոլյացված վիճակում. չի բացառվում, որ իմփիչմենտի կգնա». Արման Նավասարդյան

«Խնդիրը ոչ միայն վերաբերում է երկու երկրներին, այլև ունի մեծ մասշտաբներ միջազգային հարաբերությունների և բոլոր հիմնական խաղացողների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը պետք է կրճատի աշխատակազմը:

«Հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա դա եղավ, և ի՞նչն էր դրա պատճառը: Սա, իհարկե, պատահական և անսպասելի քայլ չէր Միացյալ Նահանգների կողմից, որովհետև դա մտնում է նրա աշխարհաքաղաքական գործողությունների հիմնական նպատակների մեջ: Եթե ավելի լայն նայենք, այն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի դեմ, այլև ունի թիրախ և՛ Հեռավոր Արևելքում, և՛ Մերձավոր Արևելքում՝ հանձին Իրանի, և՛ եվրասիական մասշտաբներով: Որոշ փորձագետներ ասում են, որ սա ժամանակավոր խնդիր է, որ արագ կկարգավորվի, և ամեն ինչ կընկնի իր հունի մեջ: Ես, ելնելով ամերիկյան իրողությունից և այն խնդիրներից, որ այսօր դրված է ԱՄՆ-ի առաջ, այն կարծիքի եմ, որ սա տևելու է տասնյակ տարիներ»,- նշեց Ա. Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը նրանում է, որ Կոնգրեսի և Սենատի ընդունած որոշումն այլևս կախված չէ որևէ մի նախագահի, որևէ մի կուսակցության կամ քաղաքական իրադրության վիճակից, այլ դա այնպիսի մի խնդիր է, որը գրեթե անհնար է վերացնել. «Սա կտևի տասնյակ տարիներ, որոշ մասնագետներ էլ գտնում են, որ դա կարող է տևել մինչև 2050 թվականը: Սա եթե սառը պատերազմ չէ, ապա տնտեսական և էկոնոմիկական պատերազմ է՝ ուղղված Ռուսաստանի դեմ: Այսօրվա այս ճգնաժամը շատ հետաքրքիր բնույթ ունի, որովհետև բոլոր հակառուսական քարոզարշավները, որ տեղի են ունեցել ԱՄՆ-ի կողմից, շոշափում են այլ երկրների՝ եվրոպական երկրների շահերը»:

Կարդացեք նաև

Խոսելով Մոսկվայի պատասխան քայլի մասին՝ Ա. Նավասարդյանն ընդգծեց, որ սա աննախադեպ քայլ էր. «1200 դիվանգետներից կրճատվեց 755-ը: Նման բան ընդհանրապես դիվանագիտական պատմության մեջ ինձ հայտնի չէ: ԱՄՆ-ը հիմա գտնվում է շփոթության մեջ»:

Ա. Նավասարդյանի խոսքով՝ Դոնալդ Թրամփը գտնվում է շատ ծանր և իզոլյացված վիճակում. «Ինչով կվերջանա այս ամենը, դա էլ շատ մեծ բան է, եթե հանկարծ այնտեղ չստացվի այնպես, ինչպես ինքն ուզում է, ես չեմ բացառում, որ իմփիչմենտի կգնա: Սա աննախադեպ դեպք է, երբ Սպիտակ տունը և քարտուղարությունը մի ալիքի վրա չեն աշխատում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս