«Այդ համաձայնագիրը ստորագրվելու է Բրյուսելում՝ նոյեմբերին». Աշոտյան
Եվրամիությունը նախկինում Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրերի դեպքում պարիտետ էր պահում, փաստաթղթերն ընդունվում և վավերացվում էին նույն տարիներին, սակայն այսօր Հայաստանը նախաստորագրել է համապարփակ և խորը համագործակցության պայմանագիրը, որը ՀՀ դիվանագիտության աշխատանքի արդյունքն է և քաղաքական գնահատական է պարունակում: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ Հայաստանն այժմ 1 տարի առաջ է ընկնում Ադրբեջանից:
«Ադրբեջանի համեմատ՝ առավելություն ունենք ԵՄ-ի հետ հարաբերություններում, և դա Հայաստանի ավելի լավ աշխատանքի և ԵՄ-ի կողմից համահարթեցման սկզբունքի վերանայման արդյունք է»,- ասաց նա:
Ա.Աշոտյանի կարծիքով` տեղին չեն զուգահեռները ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի և նախորդ համաձայնագրի միջև, որովհետև այն նախաստորագրված չէր, այս մեկը նախաստորագրված է, նաև Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմը շատ ավելի կոշտ էր Արևելյան գործընկերության տարածքում ՌԴ հետ հնարավոր փոխգործակցության առումով, քան գործող կազմը. «Անկախ սանկցիաներից, որոնք գոյություն ունեն այլ պատճառներով, ԵՄ-Ռուսաստան բախում Արևելյան գործընկերության այս գոտում բուն գործողությունների մեջ չի կանխատեսվում: Հետևաբար` ակնհայտ է, որ այս հարցի օրակարգային դարձնելը հետաքրքիր է լրատվամիջոցների կամ փորձագիտական շրջանակների համար»:
Ա.Աշոտյանն անկեղծացավ` ճիշտ չէ առհասարակ որևէ օղակի կողմից բարձրաձայնել խնդիր, որ ոմանք մտահոգված են, որ այդ պայմանագիրն առհասարակ կարող է չստորագրվել. «Այդ համաձայնագիրը ստորագրվելու է Բրյուսելում՝ նոյեմբերին: Մենք որևէ դաշնակցային պարտականություններ չենք անտեսում այլ ձևաչափերում, բայց մենք չենք հակադրել մեր եվրոպական համագործակցության վեկտորը մեր ռազմավարական հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի հետ»: