«Լարսի անցակետի տակ թունել է կառուցվում. մեր բեռնափոխադրումներն այլևս կախված չեն լինի կլիմայական փոփոխություններից». Սուրեն Կարայան

Այսօր կազմակերպված հայ-վրացական գործարար համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ երկու երկրների միջև եղած առևտրաշրջանառության ծավալն իրենց ու իր վրացի գործընկերոջը չեն բավարարում.

«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի հետ այս առավոտ հանդիպել ենք, քննարկել ենք այս հարցը։ Մենք տեսնում ենք, որ ավելի մեծ ներուժ կա, և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Նախարարի հետ շատ կոնկրետ քայլերի շուրջ համաձայնություններ ենք ձեռք բերել, կփորձենք ստեղծել օպերատիվ խումբ, որը կզբաղվի այս հարցերով»։

Հարցին՝ վարչապետի Վրաստան կատարած այցի ընթացքում բարձրացված ամենակարևոր հարցերից մեկը մեր արտադրողների համար այլընտրանքային բեռնափոխադրման ճանապարհն էր, այս ընթացքում առաջարկվե՞լ է որևէ ճանապարհ, նա այսպես պատասխանեց.

«Այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձել ենք նաև այդ հարցին, և իմ վրացի գործընկերը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրենք մոտ ժամանակներս անելու են ճանապարհաշինարարության ուղղությամբ, մասնավորապես, ասել է, որ այդ աշխատանքները սկսվել են Լարսի անցակետի տակ թունելի կառուցման ուղղությամբ, ինչը լայն հնարավորություն կստեղծի, որ մեր բեռնափոխադրումները կախված չլինեն կլիմայական փոփոխություններից»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս