Անտեր մնացած ցուցանիշները

Պաշտոնական վիճակագրությունը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, յուրաքանչյուր ամսվա 20-ին հրապարակում է նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Ներկայացվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Աճ էր գրանցվել գրեթե բոլոր ցուցանիշների գծով, բացի շինարարությունից և գյուղատնտեսությունից։

Սկսենք շինարարությունից։ Այսպես, 2017 թվականի հունվար-մայիսին հանրապետությունում իրականացվել է ընդամենը 78.6 մլրդ դրամի շինարարություն։ 2016 թվականի հունվար-ապրիլի համեմատ՝ շինարարության ծավալը կրճատվել է 12.1%-ով։ Միայն մայիսին իրականացվել է 25.7 մլրդ դրամի շինարարություն, որը, չնայած 50%-ով շատ է ապրիլից, սակայն 9.3%-ով զիջում է 2016 թվականի մայիսի ցուցանիշին։

Հունվար-մայիս ժամանակահատվածի մանրամասն բացվածքը դեռ չի հրապարակվել։ Սակայն հունվար-ապրիլի ամբողջական ցուցանիշները վկայում են այն մասին, որ շինարարությունը նվազել է բոլո՛ր ուղղություններով։

Այսպես, 2017 թվականի հունվար-ապրիլին շինարարության ծավալը նվազել էր 13.3%-ով և կազմել 52.9 մլրդ դրամ։ Այդ թվում՝ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 17.3%-ով և կազմել 4.8 մլրդ դրամ, միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարությունը՝ 44.5%-ով (7.8 մլրդ դրամ), կազմակերպությունների հաշվին իրականացված շինարարությունը՝ 1.4%-ով (26 մլրդ դրամ), բնակչության հաշվին իրականացված շինարարությունը՝ 9.8%-ով՝ 12.3 մլրդ դրամ։

67.5%-ով աճել է միայն համայնքների հաշվին իրականացված շինարարության ծավալը, սակայն դրա կշիռը չափազանց փոքր է՝ ընդհանուր ցուցանիշի վրա բարենպաստ ազդեցություն թողնելու համար (ընդամենը 939 մլն դրամ)։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա 2017 թվականի հունվար-մայիսին՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այն գրանցել է 3.5% անկում։ Ոլորտի արտադրանքը տարվա առաջին 5 ամիսներին կազմել է 170.6 մլրդ դրամ։ Միայն մայիսին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 56.4 մլրդ դրամ, ինչը 4.8%-ով ցածր է նախորդ տարվա մայիսի ցուցանիշից։

Այս դեպքում ևս պետք է հիմնվենք ավելի հին՝ հունվար-ապրիլի ցուցանիշների վրա՝ հասկանալու համար, թե գյուղատնտեսությունը որ ուղղություններով է անկում գրանցել։ Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը տարվա առաջին 4 ամիսներին նվազել էր 2.6%-ով և կազմել 125.7 մլրդ դրամ։ Այդ թվում՝ ձկնորսության ոլորտն աճել էր 0.3%-ով (ծավալը՝ 11.4 մլրդ դրամ), իսկ անասնաբուծությունը՝ 1.2%-ով (ծավալը՝ 100.4 մլրդ դրամ)։ Ոլորտի ընդհանուր անկման «մեղավորը» բուսաբուծությունն է, որը նվազել է 25.1%-ով (ծավալը՝ 13.9 մլրդ դրամ)։ Իսկ թե բուսաբուծության կոնկրետ որ ուղղություններով է անկում եղել, չենք կարող ասել, քանի որ տվյալներ չկան։

Ինչո՞ւ որոշեցինք անդրադառնալ այս անկումային ոլորտներին։ Այն պարզ պատճառով, որ «ոչ պուպուշ» ցուցանիշները մի տեսակ անուշադրության են մատնվում պետական մարմինների կողմից։

Այսպես, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը յուրաքանչյուր ամսվա 20-ին՝ նախնական ցուցանիշների հրապարակվելու օրը, բավականին օպերատիվ կերպով ամփոփում է դրանք իր էջում։ Կազմվում են գծապատկերներ, որոնց միջոցով հնարավոր է պատկերացում կազմել այսօրվա իրավիճակի և վերջին տարիների ցուցանիշների մասին։

Նախարարությունը վերջին անգամ ամփոփել է մակրոտնտեսական ցուցանիշները հունիսի 20-ի։ Ներկայացվել է տնտեսական ակտիվության աճի տեմպը, արդյունաբերության, ծառայությունների, ներքին առևտրաշրջանառության տվյալները, արտաքին առևտրի, ներմուծման և արտահանման տվյալները։ Այս բոլոր ուղղություններով այս տարվա առաջին ամիսներին տպավորիչ աճ կա, և գծապատկերներին նայելով՝ տպավորություն է ստեղծվում, որ տնտեսությունը սրընթաց աճում է։ Ուշագրավն այն է, որ ՏԶՆ նախարարությունը ներկայացրել է ԱՎԾ նախնական զեկույցում տեղ գտած բոլոր ցուցանիշները՝ բացի շինարարության և գյուղատնտեսության ոլորտներից։

Ինչո՞ւ։ Կարելի է ենթադրել՝ այն պատճառով, որ այդ ոլորտների ցուցանիշներն անկումային էին և կարող են փչացնել ընդհանուր գեղեցիկ ֆոնը։ Սակայն նախարարությունն այլ հիմնավորում ունի՝ գյուղատնտեսությունը և շինարարությունն իրենց տիրույթում չեն։ Այսինքն՝ նախարարությունը չի համակարգում շինարարության և գյուղատնտեսության ոլորտները, դրանցով զբաղվում են, համապատասխանաբար, Քաղաքաշինության կոմիտեն և Գյուղատնտեսության նախարարությունը։

Հասկանալի բացատրություն է, սակայն՝ ոչ այնքան համոզիչ։ Որովհետև թե՛ շինարարությունը, թե՛ գյուղատնտեսությունը տնտեսության մաս են կազմում, և տնտեսական զարգացումը (կամ անկումը) գրանցվում է նաև այդ ոլորտների շնորհիվ։ Նույն արտահանման մեջ մեծ կշիռ է կազմում գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։

Իսկ Գյուղատնտեսության նախարարությունն ու Քաղաքաշինության կոմիտեն, բնականաբար, ամենևին շահագրգռված չեն ոչ պլպլան ցուցանիշները հանրայնացնելու առումով։ Նրանք շեշտը դնում են դրական զարգացումների վրա։ Որովհետև, ինչպես ասում են, հաջողությունը բազմաթիվ հայրեր ունի, ձախողումը որբ է։ Տվյալ դեպքում, գյուղատնտեսության և շինարարության ցուցանիշներն անտեր են մնացել՝ պլպլան չլինելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս