
«Կառավարության գնահատականներն ավելի սուր են»

«Բնականաբար, պետք է առաջանային, քանի որ մենք անդամակցել ենք այլ կառույցի և մենք արդեն միջնորդավորվում ենք միասնական տնտեսական տարիֆի միջոցով, բացի դրանից, այդ հարաբերությունները կարգավորվում են այլ սահմանային կետերով, այսինքն` Հայաստան կարող է ապրանք մտնել այլ տեղրից ևս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` մեկնաբանելով ՀԲ զեկույցը, ըստ որի` ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն երրորդ երկրների հետ առևտրում խնդիրներ ունի:
Ըստ նրա` իրենց հետազոտության համաձայն, որտեղ ուսումնասիրվել է ԵՄ-ի հետ ասոցացման գնացած Մոլդովայի և Վրաստանի օրինակը, ԵԱՏՄ-ին ՀՀ-ի միանալը տվել է ավելի մեծ արդյունք, որովհետև, միևնույնն է, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա մեծ է:
Վ.Գաբրիելյանի կարծիքով` իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է, ֆինանսական հոսքերը մենք ավելի շատ ստանում ենք, քան տալիս ենք: Նա նշեց, որ հաջորդ շաբաթ մեծ կլոր սեղան է կազմակերպվելու, որի ժամանակ քննարկելու են բոլոր խնդիրները:
Վ.Գաբրիելյանի խոսքով` մաքսաին ձևակերպումները թեթևացել են, մաքսատուրքերը` նվազել, և ՀԲ-ին ցիտելու դեպքում պետք է նաև նշել մեր մաքսային պայմանների բարելավման մասին.
«Ինչ վերաբերում է երրորդ երկրներին, բնականաբար, տարիֆները փոխվել են և չէին կարող լինել ավելի բարձր տարիֆներ, քան կար նախկինում: Եվ մենք շուրջ 750 ապրանքների տարիֆների բարձրացումն անում ենք աստիճանաբար, որ մեզ վրա չազդի, տնտեսվարողները և սպառողները կարողանան անցնել դրան»:
Վ.Գաբրիելյանը հավելեց, որ ՀԲ տված գնահատականներն ավելի սուր չէին, քան կառավարության ծրագիրը, որում նշվում է խնդիրը և տրվում են լուծումները. «Կառավարության գնահատականներն ավելի սուր են»: