Հայաստան-ԵԱՏՄ արտահանում. Ինչպես լոլիկը չեմպիոնից վերածվեց հակաչեմպիոնի

2017 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանվել է 134.5 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ՝ արտահանման ծավալն աճել է 25.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքից։

Արտահանման մեծ մասը՝ 131.2 մլն դոլար, բաժին է ընկնում Ռուսաստանին։ Հայաստանից Ռուսաստան արտահանումն այս ընթացքում աճել է 25.4%-ով։
Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է 97.7%-ով և կազմել մոտ 1.3 մլն դոլար։ Դեպի Ղրղըզստան արտահանումն ավելի տպավորիչ աճ է գրանցել՝ 2.4 անգամ, սակայն ծավալը դեռ շատ փոքր է՝ ընդամենը 290 հազար դոլար։

Իսկ դեպի Բելառուս արտահանման ծավալները կրճատվել են 25.5%-ով և 2017թ. հունվար-ապրիլին կազմել 1.7 մլն դոլար։

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը նույն ժամանակահատվածում աճել է 21.5%-ով և կազմել 182.6 մլն դոլար։

Թե որ ապրանքների արտահանումն է աճել դեպի առանձին երկրներ, ԱՎԾ-ն առայժմ չի հրապարակել։ Սակայն Հայաստանից ԵԱՏՄ արտահանման կառուցվածքի տվյալները հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար արդեն հասանելի են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Այսպես, ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանման կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեն թունդ ալկոհոլային խմիչքները (հիմնականում՝ կոնյակ)։ 2017-ի առաջին 4 ամիսներին ՀՀ-ից ԵԱՏՄ է արտահանվել 4.8 մլն լիտր 100% սպիրտի պարունակությամբ խմիչք՝ շուրջ 57 մլն դոլար արժեքով։ Արտահանման ծավալն աճել է մոտ 70%-ով։ Ըստ արժեքի՝ արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում լոլիկն է (4.8 մլն դոլար), երրորդում՝ թարմ կամ պաղեցրած ձուկը (3.9 մլն դոլար)։

Ընդհանուր առմամբ, 2017թ. հունվար-ապրիլին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 440 անուն ապրանք, որոնցից 340-ի դեպքում արտահանման ծավալներն աճել են, 70-ի դեպքում՝ նվազել։

Այս թվերը, իհարկե, կարևոր են և հետաքրքիր։ Սակայն կա ոչ պակաս հետաքրքիր ցուցանիշ, որը վիճակագրությունը չի ներկայացնում՝ որ ապրանքը որքանով է նպաստել արտահանման հավելաճին։ Խոսքը պարզապես այն մասին չէ, թե որ ապրանքի արտահանումն է ամենից շատ աճել կամ նվազել։ Նպաստել ասելով՝ նկատի ունենք նաև ծավալը։

Պարզ օրինակ բերենք։ Ասենք, դուք վաճառում եք միայն կարտոֆիլ և լոլիկ։ Նախորդ ամիս վաճառել եք 50 հազար դրամի կարտոֆիլ և 2 հազար դրամի լոլիկ։ Ընդամենը՝ 52 հազար դրամի վաճառք եք ունեցել։ Այս ամիս վաճառել եք 55 հազարի կարտոֆիլ և 4 հազար դրամի լոլիկ, ընդամենը՝ 59 հազար դրամ։ Ձեր ընդհանուր վաճառքը, այսպիսով, ավելացել է 7 հազար դրամով կամ 13.5%-ով։ Առանձին վերցրած՝ կարտոֆիլի վաճառքն ավելացել է 10%-ով, իսկ լոլիկի վաճառքը շատ ավելի տպավորիչ աճ է գրանցել՝ 100 %-ով կամ 2 անգամ։

Սակայն կարտոֆիլն իր ծավալների շնորհիվ՝ ավելի շատ է նպաստել ձեր ընդհանուր վաճառքի աճին։ 7000 դրամից 5000-ը հենց կարտոֆիլին է բաժին ընկնում։ Կամ՝ 13.5% աճից 9.6%-ը գրանցվել է կարտոֆիլի շնորհիվ, 3.9%-ը՝ լոլիկի։ Այլ կերպ ասած, կարտոֆիլը վաճառքի աճին նպաստել է 9.6 տոկոսային կետով, լոլիկը՝ 3.9 տոկոսային կետով։

Այս նույն տրամաբանությամբ վերլուծել ենք Հայաստանից ԵԱՏՄ ապրանքների արտահանումը՝ որ ապրանքը որքանով է նպաստել 25.9%-անոց աճին։

Առաջատարը, ինչպես տեսնում եք աղյուսակում, թունդ ալկոհոլային խմիչքներն են (որի մեծ մասը կոնյակն է)։ 25.9%-անոց ընդհանուր աճի առյուծի բաժինը՝ 21.7 տոկոսային կետը, հենց կոնյակինն է։ 2017 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից ԵԱՏՄ արտահանվել է մոտ 56.7 մլն դոլարի կոնյակ, որը 69.5%-ով գերազանցում է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշը։

Դեղամիջոցներն արտահանման աճին նպաստել են 2.2 տոկոսային կետով, չնայած արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Ձկան արտահանումը նպաստել է 1.8 տոկոսային կետով, կենցաղային էլեկտրամեխանիկական սարքավորումների արտահանումը՝ 1.5 տոկոսային կետով, ծաղիկների արտահանումը՝ 1.3 տոկոսային կետով, և այլն։

Հակառակ սրանց՝ մոտ 70 անուն ապրանքների գծով արտահանման ծավալների նվազում է գրանցվել։ Այսինքն՝ այդ ապրանքները ոչ թե նպաստել են արտահանման աճին, այլ հակառակը՝ նվազեցրել ցուցանիշը։

Մենք առանձնացրել ենք այն 15 ապրանքները, որոնք ամենից շատ բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանից ԵԱՏՄ արտահանման աճի վրա։
Ինչպես տեսնում եք, տեքստիլ արդյունաբերության արտադրանքն այս ցանկում մեծ տեղ է զբաղեցնում։

Օրինակ՝ կանացի վերնազգեստի արտահանման ծավալներն այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արժեքային առումով նվազել են 70%-ով և կազմել 1.1 մլն դոլար։ Այս ապրանքախումբը 2.5 տոկոսային կետով նվազեցրել է Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ցուցանիշը։
Պանրի և կաթնաշոռի բացասական ազդեցությունն ավելի մեծ է՝ 4.8 տոկոսային կետ։

Այս տարի Հայաստանից Եվրասիական միության շուկա արտահանվել է 1.1 մլն դոլարի պանիր և կաթնաշոռ, որն արժեքային առումով 5.5 անգամ քիչ է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից։

Սակայն արտահանման վրա բացասական ազդեցության անվիճելի առաջատարը կամ հակաչեմպիոնը լոլիկն է։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից ԵԱՏՄ արտահանվել է 10.5 հազար տոննա լոլիկ՝ 4.8 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Բնեղեն արտահայտությամբ (քաշով) Հայաստանից լոլիկի արտահանումը կրճատվել է կիսով չափ, իսկ արժեքով՝ մոտ 2/3-ով։ Ու սրա հետևանքով լոլիկը 8.6 տոկոսային կետով նվազեցրել է Հայաստանից ԵԱՏՄ արտահանման հավելաճը։

Հատուկ նշենք, որ սա պրոֆեսիոնալ հաշվարկ չէ. խորը մանագիտական վերլուծության դեպքում, հնարավոր է, դրանք մի փոքր ճշգրտվեն, սակայն՝ ոչ էապես։

Ամփոփելով այս ամենը՝ նշենք, որ արտահանման մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնել ոչ միայն՝ ընդհանուր, թեկուզև՝ տպավորիչ թվերը, այլ նաև՝ այս մանրամասները:

Տեսանյութեր

Լրահոս