Բաժիններ՝

«ԴԱՀԿ-ին կտրվեն նոր գործիքներ, որպեսզի ակտերն ավելի արդյունավետ կատարվեն». Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ավելացել են դեպքերը, երբ քաղաքացիները վեճի լուծման համար դիմում են դատարան, ինչը, ըստ նրա՝ վկայում է այն մասին, որ դատական համակարգը կայացման փուլում է. «Այդ վեճերի քանակի ավելացումն ավելի է վեր հանում այն խոցերը, խնդիրները, որ դեռևս առկա են համակարգում, և այս առումով դեռ պետք է քայլեր ձեռնարկվեն»։

Ըստ նրա՝ համակարգի առաջնային խնդիրներից է սահմանադրական կանոնակարգումներին «միս ու արյուն տալը»՝ ԱԺ դատին կերկայացնելով Դատական օրենսգիրքը. «Միայն Դատական օրենսգրքով և այս փոփոխություններով հարցը չի լուծվի, և առաջնահերթ խնդիր ենք համարում նոր Քրեական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի ներկայացումը ԱԺ, որոնք նպատակ են ունենալու խթանել դատական մրցակցությունը, երաշխավորելու արդարադատության իրականացումը ողջամիտ ժամկետում և ապահովելու հիմնավորված դատական ակտերի կայացումը»։

Արդարադատության նախարարի խոսքով՝ արդյունավետ դատական համակարգը չի սահմանափակվում զուտ դատական իշխանությամբ. բազում այլ ինստիտուտներ են շաղկապված դատական իշխանության հետ.

«Խոսքը վերաբերում է և՛ փաստաբանությանը, և՛ նոտարիատին, և՛ ԴԱՀԿ-ին, և մի շարք այլ ինստիտուտներին։ Այս առումով ևս կառավարության ծրագիրը նախատեսել է մի շարք կարևոր քայլեր. զարգացվելու է մատչելի կամ անվճար իրավական օգնությունը, խոսքը վերաբերում է հատկապես սոցիալապես խոցելի շերտերին, ներդրվելու է փաստաբանի կողմից սխալի պատճառով վստահորդին հասցված վնասի ապահովագրության ինստիտուտը, խթանելու ենք, որպեսզի նոտարական համակարգը որոշակի դեպքերում հանդես գա՝ որպես վեճերի լուծման արտադատական մարմին։ Ուշադրության կենտրոնում ենք պահելու նաև ԴԱՀԿ ծառայությունը, և շուտով ներկայացնելու ենք նոր օրենսդրական փոփոխություններ՝ տալով նոր գործիքներ ԴԱՀԿ-ին, որպեսզի ակտերը կատարվեն արդյունավետ, սեղմ ժամկետներում, բայց՝ խթանելով դատական ակտերի կամավոր կատարումը»։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ օրենսդրորեն պետք է ամրագրվի պարտադիր պահանջ, երբ սնանկության վարույթում դիտարկվելու է կազմակերպությունների առողջացման հնարավորությունը, և միայն վերջնական բացասական պատասխան ստանալու դեպքում համապատասխան անձը կարող է տարվել սնանկության։ Անդրադառնալով քրեակատարողական ոլորտին՝ նա ասաց, որ այդտեղ կան բազում խնդիրներ, որոնց լուծումը ծայրահեղ ռեսուրսատար է, ժամանակատար և պահանջում է հետևողական աշխատանք. «Ոլորտի խնդիրները տարածվում են անգամ անձի ազատազրկման ժամկետի ավարտից հետո, օրինակ՝ գործազրկությունը նախկին ազատազրկվածների շրջանում առաջնային նշանակություն ունի՝ կրկնահանցագործության հետ կապված։ Պատճառն այն է, որ ազատազրկվելուց հետո այդ մարդիկ չեն ունենում մասնագիտական կարողություններ և չեն կարողանում գտնել իրենց տեղը շուկայում։ Այս խնդիրներին պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի, և ծրագրում ամրագրել ենք հատուկ դրույթներ, որոնք վերաբերում են այդ փուլին։ Խոսքը վերաբերում է համապատասխան մասնագիտական կրթությամբ ապահովելուն, որն առնվազն հնարավորություն կտա այդ մարդկանց՝ գտնելու իրենց տեղը զբաղվածության շուկայում»։

Նա կարևորեց նաև պրոբացիայի դերը, որը, ըստ նախարարի՝ նվազեցնում է այն անձանց թիվը, որոնք գտնվում են ազատազրկման վայրերում։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից մատուցվող ծառայություններում ևս, նախարարի խոսքով՝ կլինեն փոփոխություններ. «Շուտով նախատեսելու ենք դրույթ, երբ քաղաքացիները, անկախ նրանից, թե որտեղ են հաշվառված, կարողանան դիմել ցանկացած քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին և ստանալ այն ծառայությունները, որ մատուցում են այդ մարմինները։ Ավելին, փորձում ենք քայլեր կատարել, որպեսզի շատ ծառայություններ անձը ստանա իր տանը՝ չհեռանալով իր իսկ համակարգչից։ Արդեն սկսել ենք փորձարկել «էլեկտրոնային ապոստիլ» ծրագիրը, որի հիման վրա կընդլայնվի ոչ միայն ապոստիլով հաստատման ենթակա փաստաթղթերի ցանկը, այլ անմիջապես դիմողների պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կուղարկվի հաստատված փաստաթուղթը»։

Նմանատիպ քայլեր, նախարարի խոսքով՝ իրականացվելու են նաև պետական ռեգիստրի համակարգում. «Ստեղծելու ենք իսկապես բիզնես ռեգիստր, որովհետև ռեգիստրի նպատակն այն է, որպեսզի հանրությանը տրամադրվի տեղեկատվություն, որի հիման վրա մարդիկ կարողանում են մտնել բնականոն գույքային շրջանառության մեջ»։

Նախարարը վստահեցրեց, որ արդյունքը կլինի շոշափելի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս