«Մենք գոլ չենք տեսել, դեռևս տեսել ենք ինքնագոլեր՝ սեփական դարպասին». Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ խոսեց կառավարության ծրագրի կետերի մասին։ Մասնավորապես, աղքատության մակարդակը 12 տոկոսային կետով նվազեցնելու հետ կապված՝ Զոհրաբյանը նկատեց, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունն այսօր 30 տոկոս է. «Մենք իրականում գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, որովհետև Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ։ Դե յուրե նրանք ներառված չեն այդ ցանկում, բայց այսօր շատ աշխատող աղքատներ ունեն տարրական հացի խնդիր»։
Աշխատավարձը 5 տարվա ընթացքում 25%-ով բարձրացնելու կետի հետ կապված՝ Զոհրաբյանը նշեց, որ բյուջեով գնաճը սահմանված է միջինը 5 %. «Հիմա, եթե մենք փորձում ենք սա տարրաբաշխել, բաժանել 5 տարվա վրա՝ ապահովելով նաև գնաճը, մեզ համար հասկանալի է դառնում, որ որևէ կերպ լուծել աղքատության խնդիրը, որքան էլ բարի լինեն կառավարության ցանկությունները, որքան էլ ծրագրում 47 անգամ գրված լինի՝ «պետք է», և 57 անգամ գրված լինի՝ «անհրաժեշտ է», այս խնդիրը չի լուծվելու»։
Խոսելով տնտեսական աճի մասին՝ Զոհրաբյանը հիշեցրեց, որ 2016թ. ամրագրվեց 2.2% տնտեսական աճ՝ ասելով, որ ավելի լավ է լինել ազնիվ, ամրագրել իրատեսական թիվ, որն իրականանալի լինի. «Բայց այսօր մենք ունենք 0.2% տնտեսական աճ։ Հիմա սա իրատեսությո՞ւն է, թե՞ ձախողում։ Կարծում եմ՝ այս հարցին ևս կառավարությունը պետք է անդրադառնա»։
Ն. Զոհրաբյանը բարձրացրեց նաև պետական պարտքի հարցը. «Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 60%-ը։ Հարգելի խորհրդարան, շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ պետական պարտքը 6 մլրդ դոլարի սահմանագիծը հատել է, այսօր մենք ունենք 6.2 մլրդ դոլար պետական պարտք, դա նշյալ հարաբերակցության 50%-ն է, այսինքն՝ պետք է այսօր արդեն արձանագրենք, որ պետական պարտքը խիստ ռիսկային է»։
Ներդրումների մասով նա նշեց, որ, թեև վարչապետն ասում է, որ 850 մլն դոլարի մոտ 36 տոկոսի ներդրում է եղել, բայց որևէ թիվ չի ներկայացնում, թե որ ոլորտներում են դրանք ներդրվել։ Ինչ վերաբերում է արտագաղթին, Զոհրաբյանը նշեց, որ «իրական Գելլափ ինթերնեյշնըլը հետազոտություն է անցկացրել, և ըստ դրա՝ 2013-16թթ. Հայաստանը 7 նիշով վատթարացրել է իր իրավիճակը. «31 երկրների ցանկում Հայաստանն 8-րդ տեղում է։ Ի դեպ, Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, քան Սիրիայից, որտեղ պատերազմական իրավիճակ է»։
Նա նկատեց, որ մեր երկրում ներդրումներ չանելուն խանգարում է ոչ թե այն, որ ներդրողին չեն տալիս քաղաքացիություն, այլ այն, որ նրանից ուզում են ատկատ, ուզում են «փայ մտնել»: Կոռուպցիան այդ ոլորտում ամենասարսափելին է.
«Այնպես որ, ոչ թե մտածեք քաղաքացիություն տալու մասին, այլ այդ ոլորտը նման տարատեսակ «դրույթներից» ազատելու համար։ Պարոն վարչապետ, երբ մեկ տարի առաջ այս ամբիոնից ներկայացնում էիք ձեր ծրագիրը, ես հարց տվեցի՝ դուք պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը։ Ցավոք սրտի, կամ ձեր ձեռքերը չեն հասել, կամ ձեզ ուղղակիորեն թույլ չեն տալիս կտրել այն ճյուղը, որի վրա անօրինական շատ երևույթներ կան, ու դրանք հնարավոր է հստակ ժամկետում վերացնել։ Ձեր ունեցած ժամանակը բավարար էր այս խնդիրները կանխելու համար։ Դուք հայտարարեցիք, որ ամեն օր մենք գոլ ենք խփելու. մենք գոլ չենք տեսել, դեռևս տեսել ենք ինքնագոլեր՝ սեփական դարպասին։ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ձեր ծրագրին»։