«Մինսկի խումբը վերադարձել է նախկին տրամաբանության շրջանակներին». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ Մինսկի խումբը վերադարձել է նախկին տրամաբանության շրջանակներին, քանի որ կոչերն ուղղված են  նորից երկու կողմերին։

«Եթե համեմատության մեջ դնենք Մինսկի խմբի համանախագահների վերջին երկու հայտարարությունները, կտեսնենք, որ այն պահը, որը մի քիչ հօգուտ մեզ էր, ադրբեջանցիները հավասարակշռել են, և Բաքվից նորից  տեսանք այն, ինչը մեծ հաշվով  հնարավորություն է տալիս Ադրբեջանի քաղաքական կողմին՝  շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունն առաջնագծում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մինսկի խմբի տարածած վերջին հայտարարությանը՝ ասաց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ համանախագահները շատ սահմանափակ են իրենց հնարավորություններում, որն էլ, ըստ Հ. Մելիք-Շահնազարյանի՝ հասկանալի է. «Նրանք փորձում են լինել իրենց՝ միջնորդների առաքելության մեջ։ Այս անգամ մենք տեսանք, որ Ալիևը փորձեց հնարավորինս շատ ճնշում գործադրել Մինսկի խմբի համանախագահների վրա, այդ թվում՝ նաև վերջին օրերի սահմանային լարվածության ողջ պատասխանատվությունը փորձեց բարդել հայկական կողմի վրա։ Արդյունքում՝ մենք ունեցանք համանախագահների մի հայտարարություն, որը ոչինչ չասող էր։

Ավելին՝ Պոպովը Բաքվում ասաց, որ նախկին հայտարարությունները հավասարաչափ ուղղված էին հակամարտության բոլոր կողմերին»։

Կարդացեք նաև

Քաղաքագետի խոսքով՝ համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակում հնչեցրած գնահատականները, մեղմ ասած, հիասթափեցնող էին, որովհետև, եթե նայենք զուտ քաղաքականության տեսակետից կամ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորության տեսակետից, ապա, ըստ բանախոսի՝ դա ընդամենը ցույց տվեց Ադրբեջանի իշխանություններին, որ Մինսկի խումբը պատրաստ է նոր զիջումների, իսկ զիջումներ ասելով՝ Ադրբեջանը հասկանում է լարվածություն  ստեղծելու կամ նոր կրակոցներ արձակելու թույլտվություն։

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք որոշ փորձագետների գնահատականների վերաբերյալ, թե Ադրբեջանին այլևս հնարավոր չէ բերել բանակցային սեղանի շուրջ, քաղաքագետը պատասխանեց. «Բանակցությունների սեղանի շուրջ չի վերադառնում հայկական կողմը, և մեկ պարզ պատճառով. ապրիլից հետ մենք  բարձրաձայնեցինք նախապայմաններ, թե ի՞նչ պետք է լինի բանակցությունները շարունակելու համար։

Հիմնականում դրանք վերաբերում են վստահության մեխանիզմների ստեղծմանը, սահմանային միջադեպերի բացահայտմանը. տեխնիկական սարքերի տեղադրում, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների մեծացում, և այլն. հարցեր, որոնք թույլ կտան մեզ համոզված լինել, որ նոր բանակցային գործընթացն Ադրբեջանը չի օգտագործի պատերազմ սկսելու համար, ինչպես դա արվել է նախկինում»։

Ըստ բանախոսի՝ բանակցությունները չեն վերսկսվում հայկական կողմի վճռական և հետևողական դիրքորոշման պատճառով։ Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը  շատ կուզեր նստել բանակցությունների սեղանի շուրջ, մի կողմ դնել ապրիլյան զարգացումների ողջ հետևանքներն իր համար և սկսել ամեն ինչ զրոյից՝ այն իրավիճակից, որտեղ իրենք կարող են որոշակի խնդիրներ լուծել։

«Հայկական կողմը դա թույլ չի տալիս, և կարծում եմ՝ սա բավականին ճիշտ մարտավարություն է դիվանագիտության տեսանկյունից։ Ադրբեջանը մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու գաղափարը։ Դրա համար բանակցությունների տեսակետից, կարծում եմ, որ Ադրբեջանը կուզեր իր համար նախընտրելի պայմաններով վերսկսել բանակցությունները, ինչը պարզապես Բաքվին թույլ չի տրվում»,- հավելեց Հրանտ Մելիք- Շահնազարյանը։

Ռոզա Հակոբյան

 

Տեսանյութեր

Լրահոս