Բաժիններ՝

Հայ զբոսաշրջիկները դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ կթռչեն ուղիղ չվերթով

Եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի «Զվարթնոց» օդանավակայան իրականացրեց առաջին կանոնավոր չվերթը Հուրգադայից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի` Հուրգադա-Երևան և հակառակ ուղղությամբ և հինգշաբթի` Շարմ Էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ: Թռիչքի տևողությունը մոտ երեք ժամ է:

Առաջին չվերթով Հայաստան ժամանեցին շուրջ 25 քաղաքացիներ` Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։ Հայաստանում նրանց դիմավորեցին ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի խոսքով`ուրախալի օր է և շատ կարևոր քայլ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար, որը կլինի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև առևտրային ուղղություններով: Դեսպանի կարծիքով` սա շատ լավ սկիզբ է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը նշելու համար:

«Որքանով տեղյակ եմ, առաջին չվերթի բոլոր տեղերը զբաղեցրած են: Ակնկալում են հազարավոր հայ զբոսաշրջիկների, ինչպես նաև եգիպտացիների հոսք դեպի Հայաստան: Այս առումով ես լավատես եմ: Մենք ամեն անգամ փորձում ենք զարգացնել վիզաների տրամադրման մեխանիզմները: Հայերն այստեղ ոչ մի խնդիր չունեն: Ով հայ է` ես նրան վստահում եմ և տրամադրում եմ վիզա»,-ասաց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանը:

Կարդացեք նաև

Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի դիտարկմամբ` Հայաստանը հիանալի վայր է, բնությունը գեղատեսիլ է, առողջարանները հարմարավետ են: Նրա կարծիքով՝ այդ ամենը շատ լավ հնարավորություն է եգիպտացիների համար Հայաստան գալ, ինչը կնպաստի նաև տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը:

«Anriva tour» տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով` Եգիպտոսից դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվեթներն իրականություն դարձան իրենց ջանքերի շնորհիվ: «Air Cairo ավիաընկերությունը, բացի Թբիլիսիից, շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնի նաև Հայաստան, որը կլինի կապող օղակ հայ համայնքի համար, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջությամբ: Երկու տարի աշխատել ենք այս ուղղությունը բացելու համար: Այս թռիչքուղին կարևոր է նրանով, որ այլևս հայերը չեն մեկնի Թբիլիսի, այնուհետև Եգիպտոս: Վերջինս համարվում է առաջնային ուղղություններից մեկը: Հայ զբոսաշրջիկին առաջարկում ենք հինգաստղանի հյուրանոցում հանգստանալ, շատ մատչելի գներով: Եգիպտացիների համար առաջարկում ենք քրիստոնեական տուրիզմ»,- ասաց Ստամբուլյանը` հավելելով, որ առաջարկում են 220-230 հազար դրամից սկսած փաթեթներ, որոնց մեջ ներառված են ավիատոմս, դիմավորում, ճանապարհում, հյուրանոց և ապահովագրություն:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով` Air Cairo ավիաընկերությունը մինչ այժմ հայաստանյան շուկայում իրականացնում էր ոչ կանոնավոր ավիափոխադրումներ, իսկ ներկայումս դրանք կլինեն կանոնավոր: «Համոզված ենք, որ կանոնավոր չվերթներն իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսության և զբոսաշրջության զարգացման վրա: Ինչպես նաև վստահ ենք, որ այս չվերթների հաճախականությունը կգործի ոչ միայն ամառային նավիգացիոն շրջանում, այլ նաև հետագայում ևս: Եգիպտոսում հայ համայնքի բավականին մեծ լինելու շնորհիվ, կարծում ենք, որ ուղղությունը պահանջված կլինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրեն Արա Խզմալյանի կարծիքով` համագործակցությունը նոր սկիզբ է առնելու, քանի որ ամեն նոր բացվող չվերթ իրենց առջև դնում է նոր խնդիրներ ու նպատակներ: «Ուղիղ չվերթն այնպիսի շուկա է բացում և հնարավորություններ ստեղծում, որ մենք պետք է պատրաստ լինենք դրանց պահանջներին: Պետք է իրականացնենք տարբեր միջոցառումներ, որոնք նպաստելու են մեր երկրի ճանաչողության բարձրացմանը, մեր այցելուների հոսքին և ծանոթացնելու են զբոսաշրջության գրավչությանը: Կարծում եմ այդ ներուժն ունենք»,- ասաց Խզմալյանը` կարծիք հայտնելով, որ եգիպտացիների համար Հայաստանը կարող է գրավիչ լինել, քանի որ փորձը, դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր գալիս են Հայաստան վերադառնալու ցանկությամբ են ետ մեկնում: Խզմալյանի դիտարկմամբ` Հայաստանն անվտանգ պետություն է, մեր երկիրը քրեականացված չէ, մարդիկ կարող են հանգիստ զբոսնել ցանկացած ժամի, ցանկացած վայրում: «Մեր ազգային հանդուրժողականությունը և նկարագիրը, ստեղծված անվտանգ իրավիճակը շատ լուրջ ներուժ են մարդկանց գրավելու համար»,- հավելեց նա:

Առաջին չվերթի ուղևորներից Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը ոգևորված և տպավորված էր առաջին կանոնավոր չվերթից: «Շատ լավ թռիչք էր, շատ հանգիստ էր: Մոտ երեք ժամ էր տևում»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս