«Կառավարության ծրագրին «կողմ» քվեարկելու լուրջ տրամադրություններ չունենք, բայց դեռ կքննարկենք». Միքայել Մելքումյան

ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը «Ծառուկյան» դաշինքը խմբակցությունում կքննարկի այսօր ժամը 13։00-ին։ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղը վերջնական որոշում չեն կայացնի, թե ինչպե՞ս են քվեարկելու ծրագրին, ամենայն հավանականությամբ, որոշումը կկայացվի ԱԺ նիստում քննարկումերից հետո։

«Իհարկե, մենք մեր մոտեցումները, տրամադրությունները գիտենք, վերջնական կհստակեցնենք, բայց «կողմ» քվեարկելու լուրջ տրամադրություններ չունենք։ Ամեն դեպքում, դեռ կքննարկենք, կորոշենք»,- ասաց Մ.Մելքումյանը։

Ըստ նրա՝ նվազագույն աշխատավարձը 5 տարվա ընթացքում 25% բարձրացնելը, որ գրված է ծրագրում, շատ չնչին է։ Մ.Մելքումյանը նշեց, որ նախկինում ամեն տարի մոտ 5000 դրամ էին բարձրացնում նվազագույն աշխատավարձը, իսկ ներկայիս 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձի 5 տարում 25%-ը տարեկան ստացվում է 3000 դրամից էլ պակաս։ Կարեն Կարապետյանի նախկին ծրագիրը, ըստ նրա, կարճաժամկետ, անցումային էր և այս նորի հետ համեմատելը ճիշտ չի լինի։

«Այս ծրագրում առաջին անգամ կոնկրետ ժամկետներ են նշվում, թե 2017 թ-ի, 2018 թ-ի վերջում ինչ արդյունք են ապահովելու, որը չափելի է և դրական է։ Բայց 2007-08 թթ-ին աղքատությունը 12% էր, հիմա եթե նպատակադրել են 12% իջեցնել, դեռ պարզ չէ, թե որքան աղքատություն կմնա, քանի որ դա կախված է նաև մի շարք այլ չափորոշիչներից՝ նվազագույն աշխատավարձ և այլն։

Ծրագրում արդյունաբերության մաս չկա ու, թեև խոսվում է որոշ ոլորտների մասին՝ էներգետիկա, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն և այլն, բայց բուն արդյունաբերություն չկա և դա անհասկանալի է։ Այսօր վիճակագրական ծառայությունն անգամ առանձին ներկայացնում է արդյունաբերությունը, բայց կառավարության ծրագրում որտե՞ղ է այն։ Բազմաթիվ հարկային փոփոխություններ են նախապատրաստվում, որը նաև ծրագրում է արտահայտված, բայց մենք արդեն հարկային օրենսգիրք ենք ընդունել և այն ժամանակ հայտարարում էին, որ խաղի կանոները չեն փոխվելու»,- ասաց Մ.Մելքումյանը։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ դրական է, որ էլեկտրոնային կառավարման համակարգն է թվայնացվում, էլեկտրոնային հաշվետվություններ և այլն, բայց գյուղատնտեսության, ենթակառուցվածքների մասով շատ արմատական բաներ չկան, միայն ընթացակարգային, վարչարարության բարելավման խնդիրներ են լուծվում։

«Ամենակարևորը՝ ծրագրում տրված չէ քաղաքական գնահատական, թե ինչո՞ւ ներդրումներ չեն գալիս Հայաստան, ո՞րն է դրա երաշխիքները, այսինքն՝ միջավայրի արմատական խնդիրները նկարագրված չեն։ Այսինքն, ի՞նչ է, նախորդ կառավարությունները չէին կարո՞ղ այդ ընթացակարգային խնդիրները լուծել։ Տարբեր ճյուղերի՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության միջև կապը չեմ տեսնում, բայց որպեսզի տնտեսությունը զարգանա, սրանք մեկը մյուսին լրացնող համակարգեր պետք է լինեն տնտեսության մեջ։ Ծրագրում դա լավ չի երևում։ Գաղափարական մասը, թե ով էինք, ինչից ուր ենք գնում, չկա։ Էներգետիկայում ազատականացումն ինչ է նշանակում, պարզ չի, այսինքն՝ սակագնային քաղաքականությունից ի՞նչ ենք անում, հրաժարվո՞ւմ ենք, ինչի՞ ենք անցնում։ Այսինքն ՝տարբեր ոլորտներում տարբեր հարցեր կան, որ պետք է քննարկել»,- ասաց Մ.Մելքումյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս