«Կատարի հետ հարաբերությունների խորացումը բխում է ՀՀ շահերից»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատև այցով մեկնել է Կատար, որտեղ հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին։ Էդվարդ Նալբանդյանը կատարցի իր գործընկերոջն է հանձնել Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները քննարկել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, խոսել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

«Էդվարդ Նալբանդյանն ու Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին քննարկեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պարսից ծոցում և Կատարի շուրջ զարգացումները։ Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ և մշտապես ամենայն ուշադրությամբ է հետևում իրադարձություններին արաբական աշխարհում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնարավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլում լուրեր շրջանառվեցին, թե այս այցը նախապես պլանավորված չի եղել, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը։ «Բոլոր այցերն էլ ծրագրավորվում են, ժամկետները՝ համաձայնեցվում»,- մասնավորապես ասաց նա։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով այն, որ բազմաթիվ արաբական երկրներ խզել են հարաբերությունները Կատարի հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս այդ պետությանը, ըստ էության, մեղադրեց ահաբեկչությանն աջակցելու մեջ, ի՞նչ նպատակ կարող էր հետապնդել Նալբանդյանի այցը։ Իրանագետը նախ հստակեցրեց՝ Կատարը խնդիրներ ունի Պարսից ծոցի արաբական որոշ երկրների, և հատկապես՝ Սաուդյան Արաբիայի հետ, որը և իր արբանյակների միջոցով փորձում է իրականացնել այս պետության շրջափակում՝ դիվանագիտական և այլ խողովակներով.

«Բայց, ինչպես ցանկացած դեպքում, այնպես էլ կոնկրետ այս պետության հետ Հայաստանի հարաբերությունների դեպքում, շատ ավելի կարևոր է ոչ թե երրորդ երկրների վերաբերմունքն այս երկրի հանդեպ, այլ մեր ազգային շահերը։ Իսկ տվյալ դեպքում Հայաստանի շահերից է բխում Կատարի հետ հարաբերությունների խորացումն ու սերտացումը»։

Վ. Ոսկանյանի խոսքով՝ հայ-կատարական հարաբերությունների խորացումը շատ կարևոր է և ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բաղադրիչներ։ «Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել՝ որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաև մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով։ Նաև կարևոր է Կատարի հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ հաշվի առնելով այն կարևորությունը, որը Հայաստանի համար ունի Պարսից ծոցի տարածաշրջանն ընդհանրապես։ Գիտեք՝ այս տարածաշրջանի միջոցով է նաև որոշակիորեն ապահովվում մեր երկրի համար տնտեսական կարևորություն ունեցող զանազան հարցերի կարգավորումը»,- պարզաբանեց Ոսկանյանը։

Մյուս բաղադրիչը, որը, ըստ նրա՝ չափազանց կարևոր է քաղաքական հարթությունում, Կատարի և Իրանի միջև նորմալ հարաբերությունների առկայությունն է. «Իսկ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Հաջորդը, որը ոչ պակաս կարևոր է, թուրքական կողմի ակտիվությունն է Կատարում։ Կատարի համար դժվար օրերին Հայաստանի նման դիրքորոշումն այս պետության քաղաքական ղեկավարության մոտ ակնհայտորեն կփոխի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, և մենք կարող ենք ինչ-որ առումով սահմանափակել թուրքական ազդեցությունն այս երկրում»։

Խոսելով տնտեսական բաղադրիչի մասին՝ իրանագետը նկատեց՝ խոսք չկա, որ Կատարի հետ տնտեսական հարաբերությունները միմիայն շահավետ են մեր պետության համար. «Հաշվի առնելով այն, որ այս երկիրն ունի հսկայական ֆինանսական միջոցներ և հանդիսանում է պարենամթերք ու ջուր ներկրող երկիր, ունի որոշակի խնդիրներ՝ կապված այդ ներկրումների հետ այս պահին, կարծում եմ՝ առիթը կարելի է օգտագործել և կատարյան շուկայի որոշակի հատվածը զբաղեցնել հայկական արտադրողների ապրանքներով։ Բացի այդ, հսկայական ֆինանսական միջոցների առկայությունը լայն դաշտ է բացում՝ ակնկալելու համար կատարյան ներդրումներ Հայաստանում»։ Հետևաբար՝ ըստ Ոսկանյանի՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տիրույթներում հարաբերությունների զարգացումը և խորացումը, անկախ տվյալ պահին ստեղծված իրավիճակային զանազան դրսևորումներից՝ բխում է մեր երկրի շահերից. «Եվ միայն խրախուսելի ու գովելի պետք է համարել նման այցի իրականացումը Դոհա»։

Մեր հարցին՝ Կատարի հետ հարաբերությունների խորացումն արդյո՞ք որևէ վտանգավորություն չունի, նա այսպես պատասխանեց. «Առանց այդ էլ Սաուդյան Արաբիան Հայաստանի հանդեպ շատ դեպքերում ունի թշնամական վերաբերմունք։ Սաուդյան Արաբիան այն երկիրն է, որը Հայաստանի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, և ես կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք մեր ունեցած, շատ դեպքերում՝ սահմանափակ հնարավորություններն ամբողջությամբ։

Կատարի հետ հարաբերությունների զարգացումն այդ հնարավորությունների որոշակի հատվածի օգտագործումն է, որը բաց թողնելը մեծ շռայլություն կլիներ մեր պետության համար»։ Ինչ վերաբերում է որոշ փորձագետների կողմից շրջանառվող այն տեսակետներին, թե ՀՀ-ի միջոցով Կատարի հետ ինչ-ինչ հարաբերություններ է փորձում պարզել ՌԴ-ն, և Նալբանդյանի այցը հենց այդ համատեքստում էր, նա հետևյալը նշեց.

«Որոշակի առումով Հայաստանը կարող է նաև կապող օղակի դեր ստանձնել Կատարի և ՌԴ-ի միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-կատարական հարաբերություններն անցել են որոշակի վայրիվերումների շրջաններ, բայց այս պահի դրությամբ՝ գտնվում են նորմալ վիճակում։ Եվ սա էլ լրացուցիչ հնարավորությունների դուռ է Հայաստանի համար՝ հանդես գալ որպես կապող օղակ՝ մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ մերձավորարևելյան որևէ երկրի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս