«Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է իմ վերաբերմունքը կյանքի նկատմամբ, պետք է լսի իմ երաժշտությունը». Գիա Կանչելիի օրերը Հայաստանում
Երևանում հունիսի 18-20-ը հայտարարվել են Գիա Կանչելիի օրեր: Վրացի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակներում Երևանում նախատեսված է երկու սիմֆոնիկ և մեկ կամերային համերգ, որոնց ընթացքում ներկայացվելու են Գիա Կանչելիի ստեղծագործությունները։
Գիա Կանչելին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ պատմեց, որ Հայաստանում վերջին անգամ եղել է 7 տարի առաջ, ու այդ ժամանակ մեծ հույս ուներ, որ էլի կունենա հնարավորություն ևս մեկ անգամ այցելելու այս երկիր, քանի որ շատ է սիրում: Հայաստանում նա շատ անգամներ է եղել, հենց Դիլիջանում գտնվող կոմպոզիտորների ստեղծագործական տանն էլ գրել է իր 7 սիմֆոնիաներից 6-ը:
Գիա Կանչելին գրել է ոչ միայն սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններ, այլև գրել է երաժշտություն ֆիլմերի և ներկայացումների համար, ինչը, իր իսկ խոսքով, իրեն միայն օգնել է: Նա նաև «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։
Կոմպոզիտորի կյանքում շատ մեծ նշանակություն է ունեցել Ջորջ Գերշվինի «Պորգի և Բեսս» օպերան: Կոմպոզիտորի խոսքով՝ սովորաբար երեխաները երբ սկսում են զբաղվել երաժշտությամբ, առաջին հերթին ծանոթանում են Մոցարտի, Բախի, Շուբերտի ստեղծագործություններին: Իսկ իր դեպքում մի փոքր այլ էր. նա երաժշտությունը սկսել է ճանաչել Էլլա Ֆիցջերալդից, Գլեն Միլլերից, Օսկար Պիտերսոնից:
«Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է իմ վերաբերմունքը կյանքի նկատմամբ, պետք է լսի իմ երաժշտությունը: Ես փորձել եմ արտացոլել այն ժամանակները, այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում շուրջս: Չգիտեմ՝ ինչքանով է ստացվել, բայց փորձել եմ»,- ասաց Գիա Կանչելին:
«Գիա Կանչելի» փառատոնը Երևանում կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Երբ Կանչելիի փառատոնն է, որին ներկա է հենց ինքը՝ Կանչելին, դա արդեն բոլորովին այն զգացողություն է, այլ արժեք: Ավելի երիտասարդ սերնդի համար Գիա Կանչելիի անունը եղել է շատ հեռու ու անհասանելի, դրա համար էլ պարտավորեցնող էր, և միևնույն ժամանակ՝ մեծ պատիվ երեկ նվագելը՝ իմանալով, որ մաեստրոն դահլիճում է»,- ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հունիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչել են լարային նվագախմբի, դաշնամուրի և հարվածայինների համար գրված «SIO» ստեղծագործությունը, «Գիշերային աղոթքները»՝ գրված կլարնետի և լարային նվագախմբի համար, Չորրորդ սիմֆոնիան՝ «Միքելանջելոն»։
Այսօր՝ հունիսի 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես կգան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում Գիա Կանչելիի հայտնի մեղեդիներն են՝ գրված թատրոնի և կինոյի համար:
«Գիա Կանչելիի» փառատոնը կեզրափակվի հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Գիա Կանչելիի գործերը հանդիսատեսին կներկայացնեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Ալեքսանդր Սևաստյանը և նվագախմբի պղնձյա-փողային կվինտետը։ Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:
Անի Թորոսյան