Բաժիններ՝

Uber-ի գլխավոր տնօրեն Թրևիս Կալանիկն անորոշ ժամանակով հեռանում է բիզնեսից

Uber տաքսի ծառայության գլխավոր տնօրեն ու ստեղծող Թրևիս Կալանիկն անորոշ ժամանակով արձակուրդ է գնում: Այս մասին նա հայտնել է ընկերության աշխատակիցներին:

«Ինձ անհրաժեշտ է որոշ ժամանակով հեռանալ գործերից՝ սգալու մորս կորուստը, ում հուղարկավորել եմ ուրբաթ օրը` մտածելու, ինձ վրա աշխատելու, կենտրոնանալու համաշխարհային մակարդակի ղեկավարների թիմի ստեղծման վրա»,- ասվում է Կալանիկի դիմումի մեջ՝ ուղղված ընկերության աշխատակիցներին:

Մայիսի վերջին նավակը, որում գտնվել են Կալանիկի ծնողները՝ Բոննին ու Դոնալդը, բախվել էր քարերին ու կործանվել: Մայրը մահացել էր տեղում, իսկ հորը հաջողվել էր փրկել:

Ավելի վաղ ընկերության տնօրենների խորհուրդը ծանոթացել էր ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի զեկույցի հետ, որը խորհուրդ էր տվել սահմանափակել Կալանիկի դերը:

Վերջին ամիսներին ընկերությունը մի շարք սկանդալների միջով է անցել, որոնք ներառել են կոշտ կորպորատիվ մշակույթի մեղադրանք, դատական գործընթաց՝ Alphabet ընկերության հետ, որը Uber-ին մեղադրում է ավտոմեքենաների համար տեխնոլոգիաների հափշտակության մեջ:

Ընկերությունից հեռացել են միանգամից մի քանի թոփ մենեջերներ, այդ թվում՝ վենչուրային կապիտալիստ Դևիդ Բոնդերմանը, որը լքել է տնօրենների խորհուրդը:
Նախօրեին հայտնի դարձավ Uber-ի բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Էմիլ Մայքլի հրաժարականի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս