Կառավարության զգուշավոր կոնկրետությունը
Կարեն Կարապետյանի կառավարության կողմից նախորդ տարվա վերջին ներկայացված ծրագիրը թվային ցուցանիշներ չէր պարունակում։ Այնտեղ նշված չէր՝ տարեկան քանի՞ տոկոսով է աճելու տնտեսությունը, կամ որքանո՞վ է նվազելու աղքատությունը և այլն։
Միակ քիչ թե շատ լուրջ թվային թիրախը վերաբերում էր արտահանմանը, որը պետք է հասցնել ՀՆԱ-ի 40-45%-ին։ Ընդ որում, ձևակերպումներն այնքան լղոզված էին, որ միայն վերջերս պարզ դարձավ՝ կառավարությունը նկատի ունի ոչ թե միայն ապրանքների արտահանումը (որը այժմ ՀՆԱ-ի 16-17%-ն է), այլ ապրանքների և ծառայությունների (ՀՆԱ-ի 33%)։
Տնտեսական բլոկում փորձում էին առաջնորդվել այն մոտեցմամբ, որ կարևորը ոչ թե թվերն են, այլ արված քայլերը։ Այսինքն՝ կառավարությունը ոչ թե խոստանում է, որ կապահովի այսինչ ցուցանիշը, այլ՝ որ կանի այսինչ քայլերը։ Այդ մոտեցման խոցելի կողմն այն էր, որ 5 տարի անց գործնականում անհնար էր լինելու հաշվետվություն պահանջել՝ ծրագրի կատարման համար. հստակ չափանիշեր չկային։
Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո, ինչպես պահանջում է օրենքը, կառավարությունը հրաժարական տվեց, և վարչապետն ու նախարարները վերանշանակվեցին։ Իհարկե, Արփինե Հովհաննիսյանից բացի, ոչ ոք չփոխեց պաշտոնը, սակայն հին դեմքերով կառավարությունը դե յուրե նոր է։ Իսկ դա նշանակում է, որ այն պետք է մշակի նոր ծրագիր և ներկայացնի Ազգային ժողովի հաստատմանը։
Ընտրություններից հետո մի որոշ ժամանակ գոնե մոտավորապես պարզ չէր՝ ինչ տեսք է ունենալու կառավարության ծրագիրը, և արդյո՞ք այն նորից զուրկ է լինելու թվային թիրախներից։ Փակագծերը փոքր-ինչ բացվեցին մայիսի 18-ին, երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին։ Իր ելույթում նա հնչեցրեց որոշ թվային ցուցանիշեր, որոնք, ինչպես ենթադրում էինք, պետք է դրվեին կառավարության ծրագրի հիմքում։
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հստակություն մտցրեց տնտեսական (ՀՆԱ-ի) աճի ցուցանիշի մասով։ Նա անհրաժեշտ համարեց, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշերի տարբերությունը:
«Մասնավորապես, 1990-2015թթ. ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ»,- ասաց երկրի նախագահը:
Տարեկան միջինը 5% տնտեսական աճ՝ սա, թերևս, ամենակարևոր ուղենիշն էր։
Եվ ահա, 2 օր առաջ պարզ դարձավ, որ 5% տնտեսական աճը լինելու է ՀՀ կառավարության նոր ծրագրի գլխավոր թիրախներից մեկը։ Հունիսի 15-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարողացել են ներկայացնել «իրատեսական և հավակնոտ» կառավարության ծրագիր, որտեղ նշված հստակ թիրախների հիմքը հանրապետության նախագահի մայիսի 18-ի ծրագրային ելույթն է:
«Նախատեսում ենք տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 5-ամյա ծրագրով 25 տոկոս աճ, 12 տոկոսով գործազրկության նվազում: Մեծ ուշադրություն է դարձվել հակակոռուպցիոն պայքարին, ՀՀ անվտանգության խնդիրներին՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով և խորացնելով ազգ-բանակ գաղափարախոսությունը»,- ասաց Շարմազանովը:
Կառավարության ծրագիրը Ազգային ժողովին է ներկայացվելու հաջորդ շաբաթ, այնպես որ, մանրամասները դեռ հայտնի չեն։ Սակայն այս պահին արդեն ունենք 3 կոնկրետ ծրագրային թիրախ՝ 5% տնտեսական աճ, 25% նվազագույն աշխատավարձի աճ և 12% գործազրկության նվազում։ Սրանց կարելի է ավելացնել նաև առաջին ծրագրից եկած խոստումը՝ արտահանումը ՀՆԱ-ի 45%-ին հասցնելու մասին, քանի որ դա նույնպես հնչել էր երկրի նախագահի ելույթում։
Լրագրողներն արդեն սկսել են փորձագետներից մեկնաբանություններ վերցնել՝ որքանո՞վ են իրատեսական այս ցուցանիշները։
Սակայն կարծում ենք՝ շատ ավելի կարևոր է հետևյալ հարցը՝ իսկ մեզ բավարարո՞ւմ է տարեկան 5% տնտեսական աճը։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծել էր՝ Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշերի տարբերությունը կրճատելու համար ՀՀ տնտեսական աճի տեմպերը պետք է զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից։
Զարգացած կամ բարձր եկամտային խմբի մեջ մտնող երկրները վերջին տարիներին ապահովում են տարեկանը միջինը 2% տնտեսական աճ։ Մենք, փաստորեն, նպատակ ենք դնում ապահովել դրանից ընդամենը 3 տոկոսային կետով ավելի բարձր տնտեսական աճ։ Այս տեմպով, ինչպես նախկինում էլ գրել ենք, զարգացած երկրների հետ մեր տարբերությունը կրճատվելու է շատ դանդաղ՝ տասնամյակների ընթացքում։
Այս տեսանկյունից՝ Շարմազանովի բնորոշումը՝ «հավակնոտ ծրագիր», մի տեսակ ամպագոռգոռ է հնչում։ Տարեկան միջինը 5% տնտեսական աճ նախատեսող ծրագիրը կարելի է կոչել համեստ, չափավոր կամ զգուշավոր, սակայն ոչ՝ հավակնոտ։ Հավակնոտ կլիներ, եթե այն նախատեսեր երկնիշ կամ գոնե 7-8% տնտեսական աճ, որովհետև միայն բարձր տեմպեր ունենալով՝ կարող ենք հույս ունենալ հավասարվել զարգացած երկրներին։
Համոզված ենք, որ իշխանություններն ու ծրագրի հեղինակներն այս մասին ավելի լավ գիտեն։
Արդյո՞ք կառավարության և ընդհանրապես իշխանությունների համար գոհացուցիչ է տարեկան 5% տնտեսական աճը։ Կարծում ենք՝ ոչ։ Ավելին, համոզված ենք, որ իշխանությունները մեզնից լավ են հասկանում, թե նման աճի դեպքում ինչքան երկար ենք մնալու զարգացող երկրների խմբում։
Իսկ հնարավո՞ր է ապահովել ավելի բարձր աճ՝ 7-8%, կամ ավելի բարձր՝ երկնիշ աճ։ Տեսականորեն՝ այո։ Որքան երկիրը թույլ զարգացած է, այնքան աճի պոտենցիալն ավելի մեծ է, չօգտագործված հնարավորությունները՝ ավելի շատ։ Պարզապես երկնիշ, առողջ ու երկարաժամկետ աճ ապահովելու համար անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ` ոչ միայն տնտեսության մեջ, այլ առաջին հերթին՝ քաղաքական և դատաիրավական համակարգում։ Իսկ իշխանությունը, ըստ ամենայնի, լուրջ փոփոխությունների պատրաստ չէ և չի էլ ցանկանում ցույց տալ, որ պատրաստ է։
Այսպես ավելի լավ է նրանց տեսանկյունից։ 5% աճը ոչ շատ ցածր է, ոչ էլ շատ բարձր, որի տակից հնարավոր չլինի դուրս գալ։ Ավելի լավ է խոստանալ 5%, սակայն ապահովել 6% կամ 7% աճ, քան հակառակը՝ խոստանալ բարձր աճ և խոստումը չկատարել։ Ընդ որում, շատ հնարավոր է, որ այս տարի հենց այդպես էլ լինի՝ ապահովվի կանխատեսվածից ավելի բարձր ՀՆԱ-ի աճի տեմպ։
Իսկ ամենամեծ աբսուրդն այս ամենի մեջ այն է, որ կարևորագույն՝ տնտեսական աճի տեմպի վերաբերյալ կոնկրետ թիրախը հնչում է միայն այժմ՝ ընտրություններից հետո։
Մինչդեռ այս թիրախը պետք է դրված լիներ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում, որովհետև միգուցե ընտրողները չցանկանային 5% աճով սահմանափակվող ուժին վստահել երկրի իշխանությունը։ Իսկ հիմա արդեն ուշ է, հիմա ՀՀԿ-ն կարող է իր ծրագրում ֆիքսել անգամ 2 կամ 3 տոկոս աճ, որովհետև ընտրություններն արդեն տեղի են ունեցել։