«Ադրբեջանը գնում է սրման ճանապարհով». Ստանիսլավ Տարասով

Հակամարտության գոտում մշտական լարվածության  պահպանումը,   ըստ էության, Ադրբեջանի արձագանքն է իր իսկ արտաքին գործերի նախարարության եւ ղեկավարության անհաջող դիվանագիտական գործունեությանը: «Արմենպրես»ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն՝ անդրադառնալով հունիսի 16-ին և 17-ին ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքներին, որոնց արդյունքում չորս հայ զինծառայող է զոհվել:

«Ադրբեջանը փակուղի է մտել բոլոր ուղղություններով: Նրանք չեն կարող  համաձայնության գալ, եւ  այդ իրադարձությունները տեղի են ունենում համանախագահների՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին  Ստեփանակերտ եւ Երեւան այցելելուց հետո: Իրավիճակի սրման այս դեպքը  միտված է բանակցային գործընթացի տապալմանը: Այն պայմանները, այն օրակարգը, որ առաջարկում  են համանախագահները, եւ որը քննարկվում է այժմ եւ քննարկվել է Ստեփանակերտում եւ Երեւանում, ձեռնտու չէ Ադրբեջանին: Նա գնում է սրման ճանապարհով՝ այս կերպ սադրելով Արցախին զինված հակամարտութան»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ի՞նչ է Ադրբեջանը ցանկանում ասել վերջին ամիսներին արդեն  երկու անգամ անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններով,  քաղաքագետը պատասխանեց.

«Հենց այդ զորավարժությունները ներքին ցուցիչներն են այն բանի, որ Ադրբեջանը ուժային հակամարտությունը դիտարկում է որպես գլխավոր, այսինքն՝ հրապարակայնորեն է դա ցուցադրում, սակայն իրականում այն միջոցներից մեկն է ճնշում գործադրելու Ստեփանակերտի եւ Երեւանի վրա, որպեսզի  բանակցային գործընթացում հասնեն զիջումներ:

Ես անկեղծորեն դեռ չեմ կանխատեսում ինչ-որ  լուրջ զինված հակամարտութուն, քանի գնում է դիրքերի հստակեցման հետ կապված պայքար: Հայաստանը չպետք է տուրք տա սադրանքների եւ ամեն դեպքում պետք է «խաղադրույք կատարի» քաղաքական-դիվանագիտական կարգավորման վրա: Արդեն վաղուց ակնհայտ է, որ Ադրբեջանն է հանդես գալիս որպես ագրեսիվ կողմ, եւ հատկապես որ Մինսկի խումբը հիմք է ընդունում Սանտկ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք  ենթադրում են մոնիթորինգի համակարգի ներդրում: Եթե  այս մեխանիզմը գործի, ապա  միջազգային դիտորդները կկարողանան իրավիճակի շատ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալ, ինչը Բաքվին ձեռնտու չէ»:

Տեսանյութեր

Լրահոս