«Ադրբեջանն անպես է զինվել, որ պատերազմի վտանգը բավական մեծ է»

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ ներկայումս Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը փակուղու մեջ է, որովհետև այս տարիների ընթացքում միշտ փորձեր են արվել երկու անհամատեղելի սկզբունքն իրար հետ համադրելու, խոսքը տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի մասին է: Բայց ըստ բանախոսի՝ այս երկուսն իրար հետ անհնար է համադրել. դա բացառվում է: Բացի այդ՝ Ադրբեջանն այնքան է զինվել, այնքան է իրեն հորդորել, որ կարող է հաղթել, որ պատերազմի վտանգը բավական մեծ է:

«Հիմնական խնդիրը, որ հիմա պետք է որոշվի, վստահության միջոցների ձևավորումն է, եթե այս միջոցները չեղան, մենք որևէ առաջընթաց այս բանակցություններում չենք ունենալու»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի վտանգը մի փոքր հետաձգելու և միգուցե նոր հիմք ստեղծելու համար անհրաժեշտ է այդ բանակցային գործընթացը մի փոքր սառեցնել և դրա փոխարեն ձևավորել փորձագիտական խմբերի հավաքածու:

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը բանակցային ամբողջ գործընթացը բաժանեց երկու գաղափարի. սկզբում հիմնահարցի մասին բանակցություններն են, որոնք, նրա խոսքով, բնականաբար, տեղի չեն ունենում, ոչ ոք չի նստում և արցախյան հիմնախնդիրը չի քննարկում: Բանակացություններն այսօր ամբողջությամբ միտված են զինադադարի պահպանմանն և վստահության միջոցառումների իրականացմանը:

Կարդացեք նաև

Թևան Պողոսյանի շեշտեց, որ Ադրբեջանն այլ քաղաքականություն է վարում. զինվում է, պատրաստում է ռազմական միջոցներով խնդրի լուծմանը: Նույնիսկ իրենց գլխավոր շտաբի պետի տեղակալն է ասել, որ իրենք ամբողջովին պատրաստ են ռազմական միջոցներով հարցը լուծելուն: Նրանք մեկ տարվա ընթացքում երեք անգամ զինավարժություններ են իրականացրել, ինչը նշանակում է, որ իսկապես պատրաստվում են բոլոր գործողություններին:

«Սրանք մեզ համար ազդանշան պետք է լինեն, թե մենք ինչ անենք, միայն բանակցությունների վրա շեշտը չպետք է դնել: Պետք է կարողանանք այնպես անել, որ Ադրբեջանին բերենք բանակցային սեղանի շուրջ, իսկ նա այսօր չի ցանկանում բանակցությունների միջոցով խնդիրը լուծել: Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի սցենարներին: Մենք պետք է հասկանանք, որ հասել ենք այն կետին, երբ Ադրբեջանի հասարակությունն էլ պետք է փոփոխվի, և Մինսկի խմբի համանախագահներն էլ պետք է գիտակցեն, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեն, որ Ադրբեջանում իրավիճակը փոխվի»,- ասաց Թևան Պողոսյանը:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ որպեսզի ադրբեջանցիներին ազատենք իրենց կողմից անընդունելի որոշակի պարտավորություններից, ապա բանակցային գործընթացում պետք է խոսենք միայն պատերազմի հետևանքների վերացման մասին, որովհետև անհնար է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ միավոր:

Թևան Պողոսյանը հանրությանը կոչ արեց զբաղվել «տնային աշխատանքներով». ժողովրդական ինստիտուտները զարգացնել, ժողովրդագրությանը զարկ տալ, տնտեսությունն աշխատացնել, գիտելիքներ ձեռք բերել: «Այն խնդիրները պետք է լուծել, որ մեր հասարակությունը դառնա հզոր, զարգացող երկրի հասարակություն»,- հավելեց բանախոսը:

Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀԴԿ-ն հանդես է գալու դիմումով՝ ուղղված այսօրվա իշխանություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկելով այս բանակցային գործընթացում կատարել ձևաչափի փոփոխություն՝  տեսնելու համար՝ կարո՞ղ է ձևավորվել մի այնպիսի հիմք, որը հնարավորություն կտա պաշտոնական պատվիրակություններին առաջ շարժվել:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս