Բաժիններ՝

«Գյուղատնտեսությունում 40 տոկոս անկում է կանխատեսվում». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ այս տարի գյուղատնտեսությունում 40 տոկոս անկում է սպասվում: Վատ վիճակում են ծիրանենին, խաղողը:

Միաժամանակ նա նշեց, որ բերքի պակաս լինելը չի անդրադառնա արտահանման վրա. կարտահանվի և՛ ծիրան, և՛ կեռաս, բայց, բնականաբար, անցած տարվանից շեշտակի պակաս:

Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ գյուղատնտեսության հենց ներկայիս վիճակով են պայմանավորված ապրանքների թանկացումները: Օրինակ՝ կարտոֆիլի գներն անցած տարվա համեմատ կրկնակի ավելի են, քանի որ կարտոֆիլի ցանքատարածությունների թիվը 40 տոկոսով պակասել է:

«Ամենազարգացած երկրներում գյուղատնտեսությունը պետության հովանու ներքո է գործում, բայց մեզ մոտ Գյուղնախարարությունը, բացի գյուղացուց, բոլորի շահերը պաշտպանում է: Եթե գյուղացին օրենքով պաշտպանված չէ, ով գալու է՝ պետք է թալանի: Մարդիկ չեն ուզում մշակել հողը, որովհետև գիտեն, որ խաբում են»,- նշեց բանախոսը:

Խոսելով մրցակցային դաշտի մասին, որն այսօր առկա է տեղական ապրանք արտադրողի և ներկրված ապրանք արտադրողի միջև՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ նախարարությունը պետք է մշակի կանոնակարգ՝ հաշվի առնելով ջեռուցվող և չջեռուցվող ջերմոցների հարաբերությունը: «Միգուցե պետտուրքի միջոցով կարողանան բալանսավորել, որ տեղական արտադրողը վնաս չկրի»,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ՝ պետք է զգույշ լինել, պետք է հովանավորել, սուբսիդավորել տեղական արտադրողին, այնպես անել, որ չստեղծվեն այն ինկուբացիոն պայմանները, որ նա կարողանա այստեղ գերշահույթով իր սեփական ժողովրդին թալանել: Պետք է հասկանալ այն ուղղությունները, որոնք շահույթ կբերեն: «Գարու մի հեկտարից լավագույն դեպքում 100-200 դոլար շահույթ են ստանում, իսկ կարտոֆիլից ստանում են 2000-3000 դոլար: Այն ուղղությունները պետք է խթանել, որոնք փոքր հողատնտեսներին շատ շահույթ կբերեն»,- ասում է նա:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս