«Խոշորացման գործընթացները պետք է խիստ հրապարակային ու թափանցիկ իրականացվեն». Վահան Մովսիսյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ համայնքների խոշորացման գործընթացի նպատակը պետք է լինի արդյունավետ կառավարումը, ծառայությունների մատչելիությունը, երկրի կառավարման համակարգի ապակենտրոնացումը։
Նրա խոսքով՝ համայնքների խոշորացումը չի ենթադրում գումարների խնայում և դրանք այլ նպատակներով օգտագործում. «Տեղական ինքնակառավարման համակարգում ոչ մի կոպեկ համայնքներից դուրս չի եկել։ Խնայել կոչեցյալը չի նշանակում՝ այստեղի փողը ինչ-որ տեղ տանել։ Տեղական բյուջեները երկու տիպի ծախսեր ունեն՝ ընթացիկ և կապիտալ։ Վերջինս կապիտալ արժեքներ ստեղծելու համար է՝ նոր ճանապարհներ, մանկապարտեզներ և այլն։ Խնայելը հետևյալ կերպ է լինում. եթե գյուղում ունեինք 5 հաստիք, որոնք ծառայություն չէին մատուցում, դրանք փոխարինվում են մեկ հաստիքով, ու այդ գումարներն ուղղվում են լրացուցիչ ծառայություններին»։
Մովսիսյանը ընդգծեց, որ խոշորացված համայնքների համախմբված բյուջեն ավելի մեծ է, քան նախկին առանձին համայնքների բյուջեների համագումարը. «Աշխատատեղեր պետք է կրճատվեին. եթե ունեինք 2 համայնք, որտեղ կար 12 հաշվապահ, որոնք ամսվա մեջ մեկ անգամ էին աշխատանքի գնում՝ 5 հոգու աշխատավարձ տալու համար, հիմա ասում ենք՝ այդ 12-ի փոխարեն՝ եկեք երկուսը պահենք, թող բոլորիդ հաշվապահությունն անեն, այդ 10 հաշվապահի փոխարեն էլ՝ կունենանք անասնաբույժ, սլեսար, որը ջրագծերը կկարգավորվի, կունենանք մանկապարտեզի մեկ խումբ, և այլն»։
Նրա կարծիքով՝ կրճատված աշխատողները կարող են վերապատրաստվել և խոշորացված համայնքների այլ կառույցներում աշխատել. «Բոլոր տեղերում էլ ռեֆորմն իր հետ բերում է ռիսկեր և անհարմարավետություններ»։
Նա նշեց, որ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը կապված է վարչատարածքային ամուր համակարգ ունենալու հետ. «Խոշորացման գործընթացները պետք է խիստ հրապարակային ու թափանցիկ իրականացվեն, ինչն այսօր կարծես թե նկատելի չէ։ Ես համոզված եմ, որ և՛ սուբյեկտիվությունը, և՛ գաղտնիությունը մեծ տեղ են զբաղեցնում այս խոշորացման գործընթացում»։
Եզրափակելով խոսքը՝ Մովսիսյանն ասաց, որ 50 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը փորձում է իր ձայնը լսելի դարձնել, դա մի փոքր դժվար է, բայց 50 հազար բնակչի դեպքում դա շատ հեշտ է. «Մյուս կողմից՝ կա գործընկերության խնդիրը։ 50 բնակիչ ունեցող բնակավայրի հետ գործընկեր դառնալը պետության համար դժվար է, բայց 50 հազարի հետ հեշտ է։ Այս իմաստով՝ ես տեսնում եմ առաջընթաց»։