Անձրևների դեպքում Երևանին ջրհեղեղի վտանգ չի սպառնում
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով անձրևների հետևանքով ջրհեղեղի և Երևանի «կործանման» հավանականության մասին՝ ասաց, որ նման բան լինել չի կարող։ Ըստ բանախոսի՝ պարզապես խնդիրն այն է, որ քաղաքից ջրի դուրսմղման հատվածները խցանված են, աղբի մեջ կորած։
«Այս խնդիրը լուծելու համար պետք է ամենօրյա լուրջ աշխատանք, որպեսզի մաքրվեն բոլոր խողովակները, դիտահորերի (լյուկ) վրայի ցանցերը, որովհետև ինժեներների կողմից ամեն ինչ հաշվարկված է։ Երևանի տարածքով անցնող Գետառը տարբեր տեղերում ջրի դուրսմղման վայրեր ունի։ Քաղաքի ջրի դուրսմղման այդ հատվածնրում աղբը սոսկալի է, տիղմով է լցվում, ամիսներ շարունակ չեն մաքրում այդ ցանցերը, խողովակները։ Եթե լինի ամենօրյա աշխատանք, մաքրվեն քաղաքի ջրի մղման հատվածները, նման բաներ տեղի չեն ունենա»,- ասաց նա։
Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ արտաքին ջրերը լցվում են ներքին խողովակների մեջ և դրանց միջոցով հեռանում, կոյուղաջրերը՝ առանձին, անձրևաջրերը՝ առանձին: «Կլինի բավարար հետևողականություն, նման բաներ տեղի չեն ունենա։ Երբեմն էլ տաղավարներ, շենքեր կառուցելիս՝ դրանց շրջակայքում կառուցապատողները չեն պահպանում անհրաժեշտ թեքությունները, որպեսզի ջուրը հեռացվի»,- նկատեց պարոն Մինասյանը։
Իսկ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ քաղաքի գլխավոր հատակագծում առկա են բոլոր տեսակ ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրամատակարարման, կոյուղու, անձրևաջրերի հեռացում, և այլն, և բոլոր հաշվարկները կատարված են, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել ջրերի դուրսմղումը։ Ըստ նրա՝ գլխավոր հատակագծից բացի՝ լինում են մանրամասն հատակագծեր յուրաքանչյուր շրջանի համար, այսինքն՝ այդ հարցը լուծված է ի սկզբանե։
«Երևանի ռելիեֆն այնպիսին է, որ թույլ է տալիս, որ յուրաքանչյուր հարթության ջուր ինքնահոսով հեռացվի, շատ քիչ տեղեր կան, որտեղ կարող ենք պոմպերի կարիք ունենալ։ Առաջ մետրոյի ջրերն անցնում էին գծերի կողքով, թունել փորվեց, և այդ ջրերն այժմ ինքնահոսով թափվում են Հրազդանի կիրճ, մետրոյում էլ ոչ մի կաթիլ ջուր չկա։ Այստեղ ուղղակի ջրահեռացումը նախագծային ձևով կարգավորելու և ճիշտ շահագործման եղանակներ ընտրելու խնդիր կա»,- նկատեց ճարտարապետը։
Թե՛ Մկրտիչ Մինասյանը, թե՛ Գուրգեն Մուշեղյանը համաձայն չեն այն գնահատականներին, որ՝ եթե Գետառը փակված չլիներ, նման դեպք տեղի չէր ունենա։
«Որտե՞ղ՝ Գետառը, որտե՞ղ՝ Մաշտոցի պողոտան։ Մաշտոցի պողոտան այսքան տարի շահագործվում է։ Այստեղ խնդիրն արդեն ոչ ճիշտ շահագործումն է, որովհետև խցանումներ են տեղի ունենում, ոնց որ բնակարանում։ Օրինակ՝ եթե կոյուղագծում խցանում է տեղի ունենում, բոլոր բնակարանները լցվում են կեղտով, որովհետև ջուրը հեռանալու տեղ չունի։ Այդպես էլ սա է. ուղղակի պետք հորանները, խողովակները մաքրել և մաքուր պահել»,- ասաց Գ. Մուշեղյանը։
Նրա խոսքով՝ շատ հաճախ հենց փողոցները մաքրողները ոչ թե աղբը հավաքում- տանում են, այլ հավաքում, լցնում են ջրատար փոսերի մեջ, աղբն էլ կուտակվում է։
«2007թ. երբ անձրև եկավ, Աբովյանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելի մեջ ջուր էր հավաքվել այն պարագայում, երբ Գետառը հոսում է այդ թունելի տակով։ Այսինքն՝ մի փոքր անցքի պարագայում էլ ջուրը գնալու էր։ Անցավ ընդամենը մեկ ժամ, երկու մեքենա էնտեղից աղբ տարան, թունելը մաքրեցին, մի վայրկյանում ջուրը դատարկվեց»,- հիշեց Գ. Մուշեղյանը։
Նրա դիտարկմամբ՝ Մաշտոցի պողոտայում ջուրը կանգնելու տեղ չունի, հատկապես որ Հրազդանի կիրճը մոտ է, ուրեմն խողովակները խցանված են եղել, դրա համար ջուրը չի գնացել։
«Սա նշանակում է՝ Մաշտոցի պողոտայի ճանապարհն էլ ինչ-որ չափով խցանված է եղել, որովհետև ջրի հոսքն այլ կերպ չէր հասնի այնտեղ։ Ուղղակի պետք է գույքագրում կատարել, հասկանալ՝ որտե՞ղ ի՞նչ է կատարվում, հետևողական աշխատանք կատարել, եթե կան թերություններ շինարական աշխատանքների մեջ, վերացնել, և ոչ մի խնդիր չի լինի»,- հավելեց Գուրգեն Մուշեղյանը։
Նա նաև նշեց, որ բոլոր հաշվարկներն ինժեներների կողմից կատարվել են մեծ «զապասով». «Այսքան տարի Երևանում շինարարություն է տեղի ունենում, բայց մի հատ կոյուղագիծ չկառուցվեց։ Սա նշանակում է, որ մենք ունենք այդ ջրատարների ռեսուրսները, որովհետև քաղաքը մի օրվա, մեկ տարվա համար չի կառուցվում։ Կոյուղագիծը կառուցվում է այն տրամագծով, որ երկար տարիներ սպասարկի քաղաքը»։
Ռոզա Հակոբյան