Կարինե Աթայանն ընդունել է «Mission East Armenia»-ի ներկայացուցիչներին
ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Mission East Armenia» հայաստանյան առաքելության պատվիրակությանը` Դանիայի գրասենյակի գլխավոր մենեջեր Կիմ Հարթսներին, տարածաշրջանային տնօրեն Արմեն Բեժանյանին, Գերմանիայի գրասենյակի մենեջեր Յանա Գոպելին, «Թունֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռաֆֆի Դուդակլյանին:
ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Կիմ Հարթսները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել իրենց այցի նպատակը, որն է Արցախի առողջապահությանը դեղամիջոցներ տրամադրելը և աջակցություն ցուցաբերելը:
Նախարարը ողջունել է առաքելության նախաձեռնություններն ու աշխատանքներն Արցախում:
Կարինե Աթայանի հետ քննարկվել են ԱՀ առողջապահության նախարարության նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերը, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, ինչպես նաև շրջանային բուժմիավորումները և տեղամասային հիվանդանոցները, ԳԲԱ-ները բուժսարքավորումներով համալրման հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության, ինչպես նաև դեղորայքի տրամադրման համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու: