Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս

Մարդկության պատմությունը, հասարակությունը, մշակույթը և, առհասարակ, յուրաքանչյուր տեղեկատվություն, որ հասել է մեր օրեր, ստեղծվել է մարդու մասնագիտական աշխատանքի շնորհիվ: Ճարտարապետական շինությունները, պատմություն կրող գրքերը, ապրել սովորեցնող գաղափարները, այս ամենը դրանք ստեղծող և փոխանցող անհատների շնորհներն են, որոնք կոչվում են տվյալ բնագավառի գործառույթներին տիրապետող մասնագետներ:

Հոգեբանական տեսանկյունից և մարդկանց խառնվածքային, տիպաբանության պատկանելությունից ելնելով՝ ամեն մարդ ունակ և առավել արդյունավետ կարող է աշխատել որոշակի փոխհարաբերություն կրող ոլորտում՝ մարդ-մարդ, մարդ-բնություն, մարդ-տեխնիկա, մարդ-գաղափար, և այլն: Այս ոլորտներն իրենց մեջ են կենտրոնացնում բոլոր այն մասնագիտությունները, որոնք հայտնի են ողջ աշխարհում և չեն ճանաչում ազգային պատկանելություն:

Մասնագիտություն ընտրելիս՝ մարդիկ կարող են ուղղորդվել տարբեր  պահանջներով: Դա կարող է պայմանավորված լինել ինչպես՝ անձի արժեքային համակարգով, այնպես էլ՝ ընտանիքի գաղափարախոսության ազդեցությամբ: Օրինակ, եթե անձի համար կյանքում առավել կարևոր է նյութական ապահովվածությունը և դրանից բխող սոցիալական հանգստությունը, ապա նա կընտրի այնպիսի մասնագիտություն, որը տվյալ պահին արդիական է և պահանջված:

Բնականաբար, այն առավել եկամտաբեր և սոցիալական կարգավիճակ թելադրող է: Իսկ եթե անձի համար կարևոր է անձնային ինքնաբավարարվածությունը, ինքնադրսևորումը, աշխատանքից հաճույք ստանալը և մարդկությանն օգտակար լինելը, ապա նա կընտրի այն մասնագիտական ոլորտը, որը գուցե այդքան արդիական չլինի, բայց կբավարարի նրա անձնային աճն ու ինքնառեալիզացումը: Շատ սուբյեկտիվ կլինի, եթե փորձենք առանձնացնել, թե որն է այս տարբերակներից ճիշտ կամ սխալ: Յուրաքանչյուրս ունենք մեր ընտրության հնարավորությունը, որը կատարում ենք ներքին բովանդակությանը համապատասխան:

Կարդացեք նաև

Սակայն կան մի քանի կողմնորոշիչ, օգնական կետեր, ըստ որոնց՝ յուրաքանչյուր ոք, ով չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն կարելի է ընտրել, կարող է պատկերացում կազմել, թե մոտավորապես որ հասարակական ոլորտում կարելի է գործունեություն իրականացնել՝ միաժամանակ ունենալով և՛ անձնային աճ, և՛ մասնագիտական բավարարվածություն:

Մասնագիտական կողմնորոշման ուղեցույց

Մասնագիտություն ընտրելիս, եթե դեռ չեք կողմնորոշվել, նախ և առաջ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե դուք՝ որպես անձ, ինչպես եք վերաբերվում կյանքին: Փորձեք սկսել ինքնաճանաչումից՝ պատասխանելով հետևյալ հարցերին՝

  1. Ո՞վ եմ ես:
  2. Որո՞նք են իմ դրական և բացասական գծերը:
  3. Ո՞րն է իմ ապրելու կարգախոսը:
  4. Ո՞րն է իմ առաքելությունը:
  5. Ինչպիսի՞ մարդ եմ ես:
  6. Ինչո՞վ եմ ուզում զբաղվել:
  7. Ինչո՞վ չեմ ցանկանա ընդհանրապես զբաղվել:
  8. Ո՞րն է հասարակության ամենակարևոր շարժիչ ուժը:

Գրավոր պատասխանելով հետևյալ հարցերին՝ դուք կունենաք ձեր անձնային բնութագիրը, որը ևս մեկ անգամ ընթերցելիս՝ կճանաչեք ինքներդ ձեզ, թե ինչպիսի մարդ եք դուք, հանուն ինչի եք ապրում, որ արժեքներն են կարևոր, ելնելով այդ կարևոր արժեքներից՝ ինչով կցանկանայիք զբաղվել, և հասարակական կյանքն առաջ տանող որ ոլորտում կինքնաիրականացվեիք:

Այս ամենը վերլուծելով և հստակեցնելով՝ հաջորդ քայլը սեփական նպատակների, դրանց իրականացման ուղիների, ուղիների արդյունավետության, դրանց իրականացման հնարավորության, օբյեկտիվության գնահատման և, վերջապես, արդյունքների սխեմատիկ շարադրումն է: Նման մոտեցումը ստեղծում է այն ամենի պատկերը, ինչը կցանկանաք իրականացնել՝որպես հասարակության լիիրավ անդամ: Պատկերային սխեման ստանալու համար պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝

  1. Ի՞նչ եմ ուզում դառնալ:
  2. Ինչո՞ւ հենց այդ ոլորտը:
  3. Ո՞րն է իմ նպատակը:
  4. Նախնական քայլերը նպատակին հասնելու համար:
  5. Ինչպե՞ս կարող եմ դրանք իրականացնել:
  6. Ինչի՞ց սկսել:
  7. Նախնական երեք իրատեսական քայլերը:
  8. Մոտավոր պատկերացում սեփական անելիքների և մասնագիտական ոլորտի ընտրության վերաբերյալ:

Նման մոտեցումը ոչ մի ոլորտի ընտրություն չի պարտադրում: Ընդհակառակը, այն հնարավորություն է տալիս, որպեսզի ինքնաճանաչման և սեփական վերաբերմունքի ու կյանքին ուղղված պահանջների շնորհիվ կատարվի ինքնուրույն ընտրություն՝ ունենալ ինքնակողմնորոշված մասնագիտություն:

Ինչ մասնագիտություն էլ ընտրեք, միշտ պետք է ունենաք լիարժեքության, օգտակարության և երջանկության զգացում: Հակառակ դեպքում՝ այն կարելի է համարել ոչ օբյեկտիվ և նյութական:

Տեսանյութեր

Լրահոս