«Թուրքիան կանգնելու է ընտրության առջև, որը նրա համար կունենա կենսական նշանակություն». Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Մերձավոր Արևելքում այժմ ընթանում է աշխարհաքաղաքական մի գործընթաց, որն ամենակարևորն է.
«Չնայած շատ տարբեր աշխարհաքաղաքական նշանակության գործընթացներ են տեղի ունենում, բայց ես կարծում, որ մենք ականատես ենք լինում աշխարհաքաղաքական առումով մի մեծ և բարդ գործընթացի՝ Քրդական պետության ստեղծմանը Մերձավոր Արևելքում»,- նշեց թուրքագետը։
Նրա խոսքով ՝ այս գործընթացն արագ չի ավարտվի, այն կշարունակվի մի քանի տարի, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հայտարարվել է՝ սեպտեմբերի 25-ին Իրաքի հյուսիսում՝ Քուրդիստանի տարածքում, տեղի կունենա անկախության մասին հանրաքվե։
«Սա կարող է և ՛տեղի ունենալ, և՛ տեղի չունենալ, որովհետև նման դեպքեր արդեն եղել են։ Կարևորը՝ արդեն գործընթացն ընթացքի մեջ է. մոտ ապագայում Մերձավոր Արևելքում կստեղծվի նոր քրդական պետականություն»,- նկատեց բանախոսը։
Պարոն Սաֆրաստյանի գնահատմամբ ՝ սա մի այնպիսի երևույթ է, որն իր վրա է սևեռում ուշադրություն՝ ուժի ամենատարբեր կենտրոններից։ Ըստ բանախոսի՝ այս գործընթացն ամենակարևորն է Մերձավոր Արևելքում՝ մի քանի հիմքերով: Առաջինը, ըստ նրա՝ այն է, որ Մերձավոր Արևելքը տարբեր ուժի կենտրոնների շահերի բախման կենտրոնում է գտնվում։
«Այստեղ խաչաձևվում են տարբեր երկրների շահերը, հզոր երկրների ուժի կենտրոնների շահերը։ Այս պայմաններում այստեղ մի նոր պետության առաջացումը միանգամից իր հետ բերում է մեծ խնդիրներ՝ կապված մեծ պետությունների շահերի խաչաձևման, բախման հետ և նաև տարածաշրջանի պետությունների շահերի բախման հետ»,- ասաց պարոն Սաֆրաստյանը։
Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ ստեղծվող պետությունը լինելու է մեծ պետություն, որն ունենալու է մեծ տարածք, մեծ բնակչություն, ունենալու է հարուստ բնական պաշարներ, այդ թվում՝ էներգակիրներ, որն էլ իր հետ բերելու է նոր բախումներ:
«Այս պետության առաջացումն իր հետ բերելու է նաև Թուրքիայի որոշակի քաղաքականություն։ Թուրքիան կանգնելու է ընտրության առջև, որը նրա համար կունենա կենսական նշանակություն՝ թույլ տալ գործընթացը շարունակվի՞, թե՞ խոչընդոտել դրան։ Թուրքիայի ստրատեգիական որոշումից կախված կլինի այդ երկրի ապագան»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը։
Նրա կարծիքով՝ այս գործընթացն անկանխելի է։ Անդրադառնալով հարցին, որ և՛ ԱՄՆ Պետդեպարտամենտը, և՛ Իրանը դեմ են այս գործընթացին, թուրքագետն ասաց.
«Համենայն դեպս՝ Պետդեպարտամենտի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նրանք դեմ են, բայց ինչպես մեզ հուշում է պատմական փորձը՝ բոլոր այն խնդիրները, որոնք կապված են քրդերի հետ, գտնվում են մեծ տերությունների, տարածաշրջանային առումով խոշոր պետությունների շահերի այնպիսի կիզակետում, որ հայտարարությունները և իրական գործողություններն իրար հետ չեն համընկնում շատ դեպքերում, իսկ հաշվարկներն էլ ընթանում են խոշոր պետությունների կողմից՝ արդյո՞ք դա օգուտ է իրենց, թե՞ ոչ։ Կարող են լինել հայտարարություններ, որոնք չեն համապատասխանի իրականությանը։
Կարծում եմ՝ ներկա փուլում այսքանը կարելի է ասել, որովհետև կան տվյալներ, որ և՛ ամերիկացիները, և՛ Իսրայելը գաղտնի բանակցություւներ են վարում քրդերի հետ։ Այսինքն՝ սա խաղ է. մեծ խաղ, որի մեջ նշմարվում է վերոնշյալ աշխարհաքաղաքական գործընթացը»,- ասաց նա։
Թուրքագետը իր խոսքում նշեց նաև, որ այն աշխարհակարգը, որ հաստատվել էր 2-րդ համաշխարհային պատերազմից հետո և շարունակվել սառը պատերազմի ձևով, այլևս չի գործում։
Ռ. Սաֆրաստյանի կարծիքով՝ այս նոր աշխարհակարգում նշմարվում են նոր շրջագծեր, մի կողմից՝ այն, որ երեք պետություններ կարող են լինել այս աշխարհակարգի հիմնական քաղաքական վեկտորները՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, և մյուս կողմից՝ այն, որ, ի տարբերություն սառը պատերազմի ժամանակաշրջանի, երբ ուժի երկու բևեռներն իշխում էին աշխարհի վրա, հիմա դա արդեն հնարավոր չէ, և փոքր ու մեծ պետություններն ազատության ավելի մեծ հնարավորություններ են ստանում, և դա բերում է նաև նրան, որ ժողովուրդները, որոնք ազգային խնդիրներ են առաջ քաշում և կարողանում են համախմբվել այդ խնդրի լուծման շուրջ, հնարավորություն են ստանում հասնել իրենց նպատակին։
«Այս առումով Արցախի պայքարն անկախության համար ստրատեգիական առումով ունի շատ մեծ հնարավորություններ՝ հասնելու ճանաչման աշխարհի կողմից»,- ասաց թուրքագետը:
Ռոզա Հակոբյան