Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլում հայազգի թեկնածուներն առաջատար դիրքեր են գրավում

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ է տանում երկրի Նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը: Ընտրությունների արդյունքները բավականին դրական են եղել նաև հայազգի և հայկական խնդիրներին սատարող թեկնածուների համար, որոնք հիմնականում առաջադրվել էին En Marche! («Առաջ, Հանրապետություն») շարժման և ավանդական աջերի՝ Հանրապետականների կողմից:

Մարսելի Բուշ դու Ռոն համայնքի առաջին ընտրատարածքում առաջատարը Պասկալ Շամասյանն է (En Marche!)` ձայների 29.43 տոկոսով, իսկ երկրորդը Վալերի Բուայեն (Հանրապետական)՝ 24,68 տոկոսով: Ռոնի 13-րդ ընտրատարածքում առաջատարներն են Դանիել Կազարյանը (En Marche!)՝ 33,99 տոկոս և Ֆիլիպ Մյոնիեն (Հանրապետական)՝ 20,81 տոկոս: Օր-է-Լուարի առաջին ընտրատարածքում առաջատարներն են Գիյոմ Կասպարյանը (En Marche!)` ձայների 37.12 տոկոսով, իսկ երկրորդը Ֆրանկ Մասսելուսը (Հանրապետական)՝ 22,15 տոկոսով: Օ-դը-Սենի 7-րդ ընտրատարածքում առավել շատ ձայներ են ստացել Ժակ Մարիլոսյանը En Marche!-ից՝ 48.48 տոկոս, և Էրիկ Բերտոադի Հանրապետականներից՝ 27.91 տոկոս:

Տարբեր ընտրատարածքներում առաջատար դիրքեր են գրավում հայկական խնդիրներին մշտապես աջակցող այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են Գի Տեսիեն, Միշել Լամբերը, Ֆրանսուա Պուպոնին, Ժան-Լյուկ Կարվունասը, Ֆրանսուա Ռոշբլուանը և ուրիշներ:

Ընտրությունների ընդհանուր արդյունքներով՝ En Marche!-ը հավաքում է ձայների 28,21 տոկոսը: Երկրորդ տեղում է «Հանրապետականների» աջ կենտրոնամետ պլատֆորմը՝ 15,77 տոկոս արդյունքով: Մարին լը Պենի «Ազգային ճակատը» ստանում է ձայների 13,2 տոկոսը: Մակրոնի կուսակցության դաշնակիցը՝ «Դեմոկրատական շարժումը», հավաքում է ձայների 4,11 տոկոսը: Երկու կուսակցությունները միասին կարող են 390-430 տեղ ստանալ խորհրդարանում: Ընդամենը Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատն, ունի 577 տեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս