«Միայն ուժով հնարավոր կլինի Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ». Վլադիմիր Եվսեև
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանն ուղղված ամբողջական, արդյունավետ բանակցությունները չի պատկերացնում առանց Ստեփանակերտի մասնակցության: Փորձագետն առանձնացրեց երեք արդիական հարց, որոնք ըստ նրա՝ ընկած են խնդրի հնարավոր լուծման հիմքում:
«Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ, ԵԱՀԿ առաքելության ընդլայնում, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմների ներդրում: Դրանք իրատեսական են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փորձագետը: Նա նշեց, որ լուրջ բանակցությունների վերսկսման որեւէ հեռանկար չի տեսնում, քանի որ Ադրբեջանը չունի մոտիվացիա:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ իրենց վերջին հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունեցին այն, ինչ կատարվել էր, սակայն դա բավարար չէ, քանի որ փորձագետը կոչերից ու հորդորներից զատ ցանկանում է տեսնել իրական գործողություններ:
«Ես նրանց փոխարեն կպահանջեի Ադրբեջանից կատարել ստանձնած պարտավորությունները: Ինչո՞ւ դա չարեցին՝ ես չգիտեմ. ցավոք սա երկակի ստանդարտների քաղաքականություն է, այսինքն՝ հայտարարություն կար, սակայն որին չհետեւեց ինչ-որ գործողություն: Կարծում եմ՝ ամեն դեպքում այս հայտարարությունը Ադրբեջանի համար զսպող գործոն չի կարող լինել: Միակ զսպող գործոնը Զինված ուժերն են: Միայն ուժով հնարավոր կլինի Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդ որում իրական, ոչ թե իմիտացիոն»,-ընդգծեց նա:
Ռուս փորձագետը փետրվարին Արցախում էր սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու նպատակով: Նա պատմեց, որ հանդիպել է թալիշցիներին, ովքեր ադրբեջանական ագրեսիայի պատճառով մնացել են առանց մշտական բնակատեղիի, սակայն միեւնույնն է, ցանկություն ունեն վերադառնալու հայրենի գյուղ:
«Նրանք այսպես են ապրում, քանի որ անընդմեջ կրակահերթի տակ են եղել, իսկ ամենակարեւորը՝ նրանց տները դիպուկահարի նշանառության տակ են: Ինչ-որ մեկը պետք է սրա համար պատասխան տա»,-նշեց փորձագետը:
Վլադիմիր Եվսեևը նաեւ անդրադարձավ նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական Զինված ուժերի կողմից Թալիշի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ Պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին: Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվի:
«Նրանց դեմ պետք է տրիբունալի առաջ կանգնելու հարց բարձրացվի, նրանք դրան արժանի են, քանի որ այդ վայրագությունները միջազգային իրավունքի խախտումներ են: Մյուս հանգամանքը, որն ինձ վրդովեցրել էր, ազգությամբ եզդի զինծառայողի գլխատումն էր, որից հետո այն նաեւ ցուցադրվեց: Ինձ մոտ մի միտք առաջացավ. հիշեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեսած մի նկար, որում սեղանին սպիտակ սփռոցի վրա երեք հայերի գլուխներ են դրված, իսկ հետին պլանում երկու թուրքեր են:
Շատ նման երեւույթներ են: Այն ժամանակ դա հանցագործություն էր, իսկ հիմա առավելեւս դա հանցագործություն է: Իհարկե, ապրիլին հասկանալի չէր, թե ովքեր են սրանով զբաղվում, այսինքն՝ Ադրբեջա՞նն էր, թե նրանց օգնական ազգակից պետությունը՝ Թուրքիան: Ամեն դեպքում ով էլ լինի, արժանի են տրիբունալի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես փորձագետը կմեկնաբանի Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը այն դեպքում, երբ Ռուսաստանը անընդմեջ շեշտում է, որ Հայաստանն իրեն դաշնակից երկիր է, Վլադիմիր Եվսեևը պատասխանեց.
«Ռուսաստանի համար զենքի վաճառքը Ադրբեջանին ինչ-որ տնտեսական հարց չէ. Հայաստանում կարծում են, որ Ռուսաստանն այսպես գումար է աշխատում, ընդ որում՝ հայկական զինծառայողների արյան հաշվին: Սա ընդհանրապես տեղին չէ, քանի որ Ռուսաստանը դա անում է, որպեսզի Ադրբեջանին իր ազդեցության տակ պահի: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարբեր հարցեր կան, որոնք Հայաստանի հետ կապ չունեն, օրինակ՝ հիմա ինչպես գիտեք, իրանա-ադրբեջանական երկաթուղիների միացման մասին է խոսք գնում:
Հաջորդ տարի այս գործընթացը պետք է ավարտվի, Ադրբեջանը կլինի տարանցիկ երկիր իրանական ապրանքը Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ փոխադրելու համար: Ռուսաստանը չի ցանկանում թշնամանալ Ադրբեջանի հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ հարաբերությունների մակարդակը երկու երկրների հետ տարբեր է:
Նրա համար Հայաստանը դաշնակից է, այստեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Ադրբեջանում ոչ մի ռազմական օբյեկտ չկա, առավել եւս ռազմաբազա: Մենք չենք համարվում դաշնակիցներ: Մենք կարող էինք նաեւ հրաժարվել զենքի մատակարարումից, սակայն հակառակ դեպքում ինչպես հնարավոր կլիներ պահպանել ազդեցության շրջանակը»,-եզրափակեց փորձագետը:
Սյուզի Մուրադյան