Սոցիալական բևեռացումը չպետք է բյուրեղացվի կրթական համակարգում
Հայաստանում իրարամերժ կարծիքներ կան կրթության վիճակի մասին։ Մի մասն այն կարծիքին է, որ կրթական համակարգի վիճակն օրեցօր վատանում է։ Որպես հիմնավորում՝ բերվում է ցածր ֆինանսավորումը, սովորելու ցանկության պակասը, ուսումնական վատ ծրագրերը, կոռուպցիոն երևույթները, և այլն։ Կա մարդկանց մի խումբ էլ, ովքեր կարծում են, որ Հայաստանի կրթության վիճակը լավանում է։ Այս մարդիկ էլ մատնանշում են ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթները, օլիմպիադաներում ձեռք բերված մեդալները, արտերկրի համալսարաններ ընդունվողների թիվը, և այլն։
Ինչպե՞ս պարզել՝ ո՞րն է կրթության համակարգի առավել օբյեկտիվ գնահատականը։ Եվ արդյո՞ք չափազանցված է այն տեսակետը, որ Հայաստանի կրթական համակարգը լավ վիճակում չէ։
Նախորդ դարաշրջանում կրթության համակարգի որակը գնահատվում էր օլիմպիադաներում նվաճած մեդալներով, գերազանցիկների թվով, համալսարաններ ընդունվածների թվով և նմանատիպ այլ գործոններով։ Սակայն վերջին տարիներին անցկացվող միջազգային ստուգատեսները կրթության որակի գնահատման շատ ավելի խելամիտ չափանիշեր են առաջարկում։
Օրինակ՝ աշակերտների ո՞ր մասն է ստանում բարձր գնահատականներ, ո՞ր մասը՝ անբավարար։ Այդպիսի մի ստուգատեսի մասնակցում է նաև Հայաստանը (անգլերեն հապավումը՝ TIMSS)։ Այդ ստուգատեսը պարզում է 4-րդ և 8-րդ դասարանի աշակերտների Մաթեմատիկայի և Բնագիտության իմացության մակարդակը։ 2011թ. Արդյունքներով՝ Բնագիտությունից Հայաստանի դպրոցականների միայն 1%-ն է ստացել բարձրագույն թվանշան, մինչդեռ անբավարար ցուցանիշ ունեցող աշակերտների թիվը տատանվում է 30-40%-ի միջև։
Մեկ այլ չափանիշ է գյուղերում և քաղաքներում ապրող երեխաների տարբերությունները։ Այստեղ էլ Հայաստանի քաղաքաբնակ երեխաները շատ ավելի բարձր արդյունքներ ունեն, քան գյուղաբնակ երեխաները։ Աղքատ և ոչ աղքատ ընտանիքների երեխաների արդյունքների տարբերությունը նույնպես կարևոր է համարվում։
Ցավոք, այդ նույն հետազոտության արդյունքներով աղքատ ընտանիքների երեխաների արդյունքները շատ ցածր են։ Այս ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանի կրթական համակարգը համաչափ զարգացած չէ։
Թեև միջազգային չափանիշերը փոխվել են, բայց դեռ շատերը մտածում են, որ, եթե մենք աջակցենք գերազանց սովորողներին, ապա նրանք կստանան լավ մասնագիտական կրթություն և կլուծեն մեր հասարակության սոցիալ-տնտեսական խնդիրները։ Տասնամյակներ շարունակ թուրքերը հազարավոր երիտասարդների ուղարկում էին ամերիկյան համալսարաններ, որպեսզի նրանք կրթվեն և Թուրքիան դարձնեն զարգացած երկիր։
Զուգահեռաբար՝ Թուրքիայի գյուղերի և քաղաքների սովորական դպրոցներում կրթության մակարդակը մնում էր շատ ցածր։ Այսօր տեսնում ենք, որ բարձրակարգ կրթություն ստացած մարդկանց միջոցով Թուրքիան որակական առաջընթաց չունեցավ, քանի որ անտեսվեցին հասարակության մեծ մասի կրթության խնդիրները։
Իսկ դա անթույլատրելի է մի աշխարհում, ուր մարդիկ գործելու ավելի մեծ հնարավորություն են ստացել, քան նախկինում էր։ Այսօր շատ կարևոր է ոչ թե՝ մի մասի, այլ՝ ամբողջ հասարակության կրթվածության մակարդակը։ Կրթության մակարդակը չես կարող միջինացնել։ Այն անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի։ Միջին վիճակագրությունն այս դեպքում չի աշխատում։
Եթե հարուստներն ամեն օր ուտում են միս, իսկ աղքատները՝ կաղամբ, ապա չես կարող ասել, որ միջինում երկրի քաղաքացիներն ուտում են կաղամբով տոլմա։ Նույն ձևով չես կարող գերազանցիկի 10-ին գումարել վատ սովորողի 4-ը և ասել՝ միջինում մեր աշակերտների առաջադիմությունը 7 միավոր է։ Գերազանցիկի 10-ը մնում է իրեն, վատ սովորողն էլ իր 4-ի տերն է։
Կրթություն բոլորի համար. այսպիսին է ժամանակակից կրթության կարգախոսներից մեկը։ Յուրաքանչյուր երկրում, դպրոցում, դասարանում անհրաժեշտ է լավ սովորողների մեծ թվի առկայություն, կրիտիկական զանգված, որի պարագայում միայն երկրում կստեղծվի սովորելու միջավայր։ Դուք չեք կարող լավ կրթության համակարգ ունենալ, եթե դասարանում սովորող են աշակերտների միայն 20-30%-ը։
Այսպիսով՝ կրթությունը դառնում է հասարակական բարիք, եթե այն հասանելի է աշակերտների մեծ մասին։ Ուրեմն, Հայաստանում գերազանցիկների փոքր թիվը, եթե նույնիսկ նրանք ընդունվում են աշխարհի լավագույն համալսարաններ, չի երաշխավորում լավ կրթական համակարգ ունենալը։
Հայաստանն այսօր մի երկիր է, ուր ռեսուրսների պակասի և կրթության վատ կառավարման արդյունքում՝ որակյալ կրթությունը մատչելի է միայն հասարակության փոքր խմբին։ Ընդ որում, պարադոքսալ դրսևորումներից մեկն այն է, որ բարեփոխում իրականացնող և լավատեսություն քարոզող պաշտոնյաները չեն վստահում իրենց կողմից կառավարվող համակարգին և իրենց երեխաներին չեն ուղարկում սովորական դպրոցներ։
Այսպիսով՝ բարեկեցիկ խավի երեխաները տեղափոխվում են էլիտար դպրոցներ, ստանում են լավ կրթություն, ընդունվում լավ համալսարաններ։ Հաճախ մենք տեսնում ենք իրականության միայն այս հատվածը և հպարտանում մեր գերազանցիկներով։
Իսկ թե ինչ է լինում սովորական դպրոցների հետ, երբ նրանք կորցնում են լավ սովորողներին, քչերն են տեսնում։ Իսկ այդ դպրոցներում նվազում է սովորելու ձգտում ունեցողների թիվը և բացակայում է սովորելու միջավայրը։ Արդյունքում՝ Հայաստանում առկա սոցիալական բևեռացումը բյուրեղացվում է կրթական համակարգում։
Պատերազմող և փոքր երկրներում կրթության համաչափ զարգացումը համախմբող դեր ունի։ Չի կարող համերաշխ լինել այն հասարակությունը, ուր հարուստների երեխաները խմբված են մի քանի դպրոցներում, իսկ սովորական դպրոցներում հասարակության մնացած խավի երեխաներն են։ Եթե կրթության համակարգը համաչափ չի զարգանում, ապա հարուստները ստանում են ամեն ինչ, աղքատները՝ ոչինչ։ Եթե կրթության համակարգը համաչափ չի զարգանում, դու ունենում ես հարուստ անհատներ և աղքատ ու վատ աշխատող ինստիտուտներ։
Համաչափ կրթական համակարգ ունենալու համար ոչ թե բոլորին հավասար ռեսուրսներ է պետք տալ, այլ աղքատին ավելի շատ պետք է տալ, քան՝ հարուստին, գյուղին ավելի շատ պետք է տալ, քան՝ քաղաքին։ Միայն այդ դեպքում կրթությունը կկատարի իր գլխավոր գործառույթներից մեկը՝ հասարակության համաչափ զարգացումը։