Բաժիններ՝

«Բանակցում ենք, որպեսզի պայմանագրային ժամկետներից շուտ գյուղացիների պատքերը մարեն և վերադարձնեն գումարները». Ռոբերտ Մակարյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ 2016թ. հանրապետության վերամշակող ընկերությունները մթերել են շուրջ 21 մլրդ դրամի պտուղ և բանջարեղեն։ Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսելով մթերումների պարտքերի և դրանց մարումների մասին՝ պարոն Մակարյանն ասաց, որ պարտքը հունվարի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 1 մլրդ 660 մլն դրամ։

«Այսօրվա  դրությամբ պարտքերի գումարը կազմում է 187 մլն դրամ։ Ամենօրյա աշխատանք են տանում վերամշակողների հետ, որպեսզի կարողանան առաջիկա շաբաթների ընթացքում մարել այս պարտքերը։  Կան մի քանի կազմակերպություններ, որ մթերել են պլանավորածից շատ և ունեն համապատասխան պայմանագրեր՝ որոշակի երկար ժամանակահատվածում պարտքերը մարելու։ Մենք նաև իրենց հետ ենք բանակցում, որպեսզի պայմանագրային ժամկետներից շուտ գյուղացիների պատքերը մարեն և վերադարձնեն գումարները»,- ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալը։

187 մլն դրամից մոտ 80 մլն-ը 2015թ. պարտք է, իսկ մնացածը գոյացել է 2016 թվականին։ Ինչպես տեղեկացրեց պարոն Մակարյանը՝ պարտքեր ունեն «Վինար» ընկերությունը, «Areni Wine» ընկերությունը, «Հայասի գրուփը», «Բորոդինո» գործարանը, Երասխի գինու գործարանը, «Տարինկո» գործարանը, «Վան 777» ընկերությունը, Արարատի պահածոների գործարանը և «Եվրոթերմ» ընկերությունը։

«Խնդիր ենք դրել, որ մինչև ամսվա վերջ ընկերությունները պարտքն առավելագույն չափով վճարեն»,- ասաց բանախոսը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով «Վինար» ընկերության պարտքերին և քաղցրաշենցիների բողոքներին՝ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը բանակցություններ է վարել «Շահնազարյան» ընկերության ղեկավարության հետ, և «Շահնազարյան» ընկերությունը շուրջ 50 մլն դրամի կոնյակի սպիրտ է գնել «Վինար» ընկերությունից, և անցած շաբաթ 50 մլն դրամի չափով մարվել է Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչների պարտքը։

«Պարտքի որոշակի մաս մնում է, մեր հաշվարկներով՝ շուրջ 20 մլն դրամի պարտք է։ Հիմա դիմել ենք Արարատի մարզպետարանին, որպեսզի նորից գույքագրում անցկացնեն, և ճշտվի՝ ո՞ր գյուղացուն ինչքա՞ն է պարտք «Վինար» ընկերությունը։ Առաջիկայում նաև քայլեր կձեռնարկվեն այդ պարտքի մնացորդը մարելու համար»,- նկատեց Ռ. Մակարյանը։

Նա նշեց նաև, որ աշխատանքներ են տարվում այն կազմակերպությունների հետ, որոնք իրացման խնդիր ունեն, որպեսզի վերջիններս կարողանան իրենց ապրանքը վաճառել և մարել գյուղացիական տնտեսությունների պարտքերը։

«Հրապարակումներ են լինում մամուլում՝ նաև լոլիկի վճարումների հետ կապված։ «Նոյյան» ընկերությունը և Արտաշատի պահածոների գործարանն այն երկու խոշոր մթերողներն են, որոնք անցած տարի ևս բավականին շատ մթերեցին։ Յուրաքանչյուր ընկերության պարտքը մոտ 20-25 մլն-ի չափով է։ Մինչև ամսվա վերջ նրանք պարտավորվել են վճարել պարտքերը»,- հավելեց պարոն Մակարյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս