Բաժիններ՝

«Ֆելինիի երևակայությունը պետք է ունենալ՝ դրանք համարելու ապաքաղաքական և չեզոք կառույցներ». Նաիրա Զոհրաբյան

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում, ներկայացնելով «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը, որը ստեղծվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ունենալու է 5 անդամ։

«Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամների թեկնածուների առաջադրման համար պետք է ստեղծվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու է Դատավորների բարձրագույն խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը, որը  պարտադիր պետք է ներկայացնի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, այստեղ խնդիր տեսավ. «Թվարկված կառույցների մեծ մասին, Ֆելինիի երևակայությունը պետք է ունենալ՝ համարելու ապաքաղաքական և չեզոք կառույցներ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս կառույցների մեծամասնությունն իշխանության քվոտայով գործող կառույցներ են։ Առաջարկում եմ՝ գտնել ձևակերպում, որպեսզի մրցութային խորհրդում ներկայացված լինեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը»։

Ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Զոհրաբյանի մտահոգությունը հասկանում է. «Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ ճիշտ բանաձև գտնել՝ ինչպես առաջադրման հանձնաժողովում որևէ ձևով դա ցույց տալ։ Բայց ես ի սկզբանե հայտնում եմ, որ ֆրակցիաների տեսանկյունից առաջադրման փուլում իրավունք վերապահելը համարում եմ այդ բոլոր սկզբունքներին հակասող։ Գտնել ֆորմուլա, որը կբավարարի, և որևէ ձևով կկարողանանք ընդդիմությանն էլ մասնակից դարձնել, պատրաստակամ եմ ձեզ հետ քննարկելու»։

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ միգուցե պետք է ներառել նաև քաղաքացիական հասարակությանը. «Մենք կփորձենք ձևակերպումը գտնել, բայց այդպիսի կառույցներում գոնե ընդդիմության դերակատարությունը պետք է լինի ակնառու»։

Հովհաննիսյանն էլ ասաց, որ դեմ չէ ընդդիմության դերակատարությունը բարձրացնելուն, բայց դա պետք է արվի ճիշտ ուղղությամբ. «Սրանք մասնագիտացված մարմիններ են և չպետք է լինեն ընդդիմության կողմից ձևավորվող»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս