Ինչպես են ընտրվելու կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի անդամները. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ներկայացնելով «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը, որը ստեղծվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ունենալու է 5 անդամ։ Այդ անդամներին, նրա խոսքով՝ ընտրելու է խորհրդարանը պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
«Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամների թեկնածուների առաջադրման համար պետք է ստեղծվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու է Դատավորների բարձրագույն խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը, որը պարտադիր պետք է ներկայացնի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի»,- պարզաբանեց նա։
Նրա խոսքով՝ այդ մրցութային խորհուրդը թեկնածուների մրցույթ է անցկացնելու, որը լինելու է բաց. «Համակարգչային եղանակով թեստավորում է լինելու, որն ստուգելու է թեկնածուների գիտելիքները։ Որևէ միջամտություն բացարձակապես անհնար է լինելու: Թեկնածուների հարցազրույցը ընթանալու է լրատվամիջոցների ու քաղհասարակության ներկայացուցիչների ներկայությամբ: Արդյունքում ընտրված թեկնածուները ներկայացվելու են Ազգային ժողովին»։