«Ի՞նչը այդպես ուրախացրեց ձեզ». ԱԺ նիստն ընդմիջվեց (ուղիղ միացում)
«Շուրջ 300 համայնքի ճակատագիր է որոշվում և ժամանակի սահմանափակումը սխալ է»,- այսօր ԱԺ-ում անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հատկացվող ժամանակին այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա նույնն ասաց նաև Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագծի վերաբերյալ՝ ընգծելով, որ քիչ չի քննարկումներ չեն արվել, հիմա էլ 90 րոպե է սահմանվում. «Մենք առաջարկում ենք երկուսի դեպքում էլ 5 ժամ սահմանել»։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք ևս միանում են առաջարկին.
«Բացարձակ անընդունելի է, երբ ինչ-որ մնացել է Հայաստանում չմասնավորեցված, ի դեպ, հանձնաժողովում պարզվեց, որ պոտենցիալ գնորդներն էլ դեռևս չկան, ընդամենը բյուջեն լցնելու խնդիր է։ Բերում եք և փորձում 90 րոպեում սղացնել-անցկացնել։ Սա լուրջ խնդիր է։ Մասնավորեցվում են բժշկական հիմնարկներ, մասնավորեցվում է «Հայֆիլմ» կինոստուդիան, մասնավորցվում են կրթական հիմնարկներ, և 90 րոպե սահմանել ընդամենը «գալչկայի» համար, բացարձակ անընդունելի է։ Նույնը վերաբերում է նաև համայքների խոշորացմանը»։
Դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, Զոհրաբյանն ընդգծեց. «Լինելով ԱԺ նախագահ, վստահաբար, տեղյակ եք համայնքների խոշորացման հետ կապված խնդիրներից, ոչ թե այն, ինչ պարտադրված ներկայացնում են մարզպետները։ Այս ամենին դեմ են համայնքների ղեկավարները, բնակիչները և երկու ժամում անցակցնել քննարկում, այդ դեպքում ո՞ւր մնաց խորհրդարանի դերի բարձրացումը։ Բացարձակ անընդունելի աշխատաոճ է»։
Ի պատասխան՝ Բաբլոյանը նշեց, որ կառավարությունը համաձայնել է Փաշինյանի առաջարկին՝ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագծի քննարկմանը հատկացնել ոչ թե 90 րոպե, այլ 2 ժամ։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ մեկ ժամ ավելի քննարկումը որևէ բանի չի խանգարի։ Իսկ փոխնախագահ Շարմազանով էլ առաջարկեց դնել քվեարկության, թե ով է կողմ, որ 2 ժամում քննարկեն տվյալ նախագծերը։
Մինչ քվեարկությունը, Բաբլոյանն ասաց, որ պետք է ժամանակն օգտագործել բուն խնդրի քննարկման, այլ ոչ ամեն ինչի մասին խոսելու համար։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանն էլ 20 րոպե ընդմիջում խնդրեց, և դահլիճից լսվող ծիծաղին ի պատասխան՝ ասաց. «Ի՞նչը այդպես ուրախացրեց ձեզ։ Կառավարության հետ ընդհանուր հայտարարի գանք, նոր կշարունակենք»։
Առաջարկն ընդունվեց և նիստն ընդմիջվեց։