Կոալիցիայի օդուժը սիրիական բանակի դիրքերին հարված է հասցրել Էթ Թանֆ տանող ճանապարհին
Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հունիսի 7-ին հայտնել է Էշ Շախիմայի շրջանում Էթ Թանֆ սահմանամերձ քաղաք տանող խճուղում բանակային դիրքերից մեկի վրա ԱՄՆ-ի հովանու ներքո գործող կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման մասին: SANA գործակալության տարածած հայտարարության մեջ ասված է, որ այդ գրոհի հետեւանքով սիրիացի զինծառայողների շարքերում կան զոհվածներ եւ վիրավորներ։
«Նոր ագրեսիան դարձել է այդ կոալիցիայի կողմից ահաբեկչական ուժերի աջակցման եւս մեկ հավաստումն այն պահին, երբ սիրիական բանակը եւ նրա դաշնակիցներն ամեն օր հաջողությունների են հասնում «Իսլամական պետության» ահաբեկչական հրոսակախմբերին դիմակայելիս»,- ընդգծված է փաստաթղթում:
Հունիսի 6-ին Inherent Resolve գործողության շտաբը, որն Իրաքում եւ Սիրիայում անցկացվում է ԱՄՆ-ի գլխավորած երկրների խմբի կողմից, իր հայտարարության մեջ հաստատել է, որ Սիրիայի կառավարամետ ուժերի ջոկատը վերստին ներթափանցել է սահմանված ապաէսկալացման գոտի եւ սպառնացել կոալիցիայի ուժերին եւ նրա գործընկերներին, որոնք գտնվում են Էթ Թանֆի ռազմակայանում: Մի քանի նախազգուշացումներից հետո կոալիցիայի ռազմաօդայիան ուժերը ոչնչացրել են երկու հրանոթ, հակաօդային պաշտպանության մեկ կայանք եւ շարքից հանել մեկ տանկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: