«Մենք դեռ ահաբեկչությունների ականատես ենք լինելու». Սարգիս Գրիգորյան

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ հաճախակի դարձած ահաբեկչությունները Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով է, և դա ակնհայտ է։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում նոր իրողություններ են, նոր վերադասավորումներ, նոր կառույցներ են ի հայտ եկել։

«Ահաբեկչությունների հիմնական կազմակերպիչն «Իսլամական պետությունն» է։ Եվ հենց Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունն էլ վերցրեց իր վրա այս կառույցը։ Այս ամբողջի պատճառը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն է, հատկապես իրանական պետությունը, նրա կողմից նոր մարտավարությունների կիրառումը՝ նաև ահաբեկչությունների տեսքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Գրիգորյանը։

Նրա համոզմամբ՝ ահաբեկչությունն իր ձևով և բովանդակությամբ փոփոխվում է, և այս վերջին դեպքերը, ըստ նրա՝ ցույց են տալիս, որ ուղղորդումներն ու հրահանգները լինում են ոչ թե հենց «Իսլամական պետության» կենտրոնական ղեկավար շրջանակներից, այլ որոշումներն ավելի շատ կայացվում են անհատական մակարդակում և տեղային՝ լոկալ մակարդակում։

«Ընդհանուր գաղափարական հենքն «Իսլամական պետությունն» է, բայց տեղը, ժամանակը որոշելը տրված են տեղում գործող իսլամականներին։ Դրա համար էլ այս ահաբեկչություններն անկախատեսելի են, հնարավոր չէ չեզոքացնել, և դրանք իրենց մեջ մեծ սպառնալիք են ներկայացնում»,- հավելեց բանախոսը։
Հարցին, թե ինչո՞ւ վերջին ահաբեկչությունը Լոնդոնում տեղի ունեցավ, նա պատասխանեց, որ Լոնդոնում մուսուլմանական մեծ բնակչություն կա։

Կարդացեք նաև

«Մեծ ցանց է գործում երկար ժամանակ, որը գալիս էր «Ալ-Քաիդայից»։ Այն  հնարավորություն է տալիս նոր մարդկանց ներառել այս ցանցի մեջ և նրանց ուղղորդել որոշակի գործողությունների։ Խնդիրն այն է, որ, եթե մենք նույնիսկ վերացնենք այդ կառույցը, վտանգը դեռևս մնալու է։ Ե՛վ «Ալ-Քաիդան», և՛ «Իսլամական պետությունը» նախօրոք հայտարարել էին, որ Ռամադանը՝ մեկ ամիսը, արյունահեղության ամիս է լինելու, և պետք է ասեմ, որ մենք դեռ ականատես ենք լինելու նման ցավալի իրողությունների»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանն ահաբեկչական սպառնալիքի աճի ներկա դրսևորումները պայմանավորում է երկու գործոններով՝ իրադարձային և գործընթացային։ Իրադարձայինը սուրբ ամսվա՝ Ռամադանի իրողություն է, և նրա կարծիքով՝ այս ամսվա ընթացքում մուսուլմանները դառնում են շատ ագրեսիվ։ Գործընթացայինը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ընթացող հակաահաբեկչաական պայքարով, մասնավորապես՝ «Իսլամական պետության» դեմ։ «Այնուամենայնիվ,  մենք տեսնում ենք  ակտիվ գործողություններ «Իսլամական պետության» դեմ, ինչն էլ մղում է կառույցի գաղափարակիցներին պատասխանել Արևմուտքի գործողություններին իրենց իսկ բնօրրանում»,- ասաց արաբագետը։

«Երբ Մանչեսթերում ահաբեկչություն եղավ, ես ասացի, որ հաջորդը կլինի այնտեղ, որտեղ ծայրահեղականները կունենան հնարավորություն, որտեղ անվտանգությունը թույլ կլինի, որտեղ երկրի իշխանությունը խնդիր կունենա վերահսկելու նման ծայրահեղականների գործողությունները»,- նկատեց արաբագետը:

Նա ներկայացրեց բրիտանական մամուլի կողմից հրապարակված վիճակագրությունը, ըստ որի՝ Մեծ Բրիտանիայում կան 23.000 ջիհադականներ, որոնցից միայն 3000-ին է կարողանում վերահսկել բրիտանական հատուկ ծառայությունը։ Իսկ այն 850 ջիհադականներից, որոնք հանդես են եկել վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ընթացող ջիհադական պայքարում, կարողանում են վերահսկել 50-ին։

«Սրանք ակնհայտ հնարավորություններ են ծայրահեղականների  համար՝ իրականացնելու իրեն գրոծողությունները, թիրախավորելու նոր օբյեկտներ։ Եթե մի երկրում հաջողվում է իրականացնել ահաբեկչական հարձակում, ապա ծայրահեղական գաղափարներ կրող այլ բջիջներ ևս ակտիվանում և ոգևորվում են՝ «ինչո՞ւ ավելի ազդեցիկ գործողություն չիրականացնենք» ձևակերպմամբ։ Երբ իրավիճակը լարվում է բուն ռազմադաշտում, դա իր անուղղակի ազդեցությունն է թողնում նաև դրանից դուրս, և ահաբեկչական գործողությունների ակտիվացումն էլ պայմանավորում եմ սրանով. Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս