«Ղարաբաղյան հակամարտությունում կհաղթի նա, ով հոգեբանորեն ավելի կայուն է». հոգեբան
«Իհարկե, խուճապն ու վախը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում, բայց ես կարծում եմ՝ ինչպես կյանքի մյուս ասպարեզներում, այս հարցում նույնպես, լավագույն մոտեցումն իրատեսականն է։ Մենք իրատեսորեն պիտի տեսնենք, հասկանանք՝ ի՞նչ վիճակում ենք ապրում, ի՞նչ կանխատեսումներ պետք է ունենալ, որո՞նք են սպառնալիքները, որո՞նք են մեր ուժեղ կողմերը»,- այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արցախաադրբեջանական սահմանում պատերազմի հնարավոր վերսկսման և դրա՝ տարածվող տեղեկատվությունների հետևանքով ստեղծվող հոգեբանական խուճապի մասին՝ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ գտնվում ենք հրադադարի փուլում և պատերազմի տրամաբանության մեջ ենք, ուրեմն՝ պետք է սպասել բռնկումների, իսկ թե դրանք ո՞ր պահին կլինեն, ինչպիսի՞ն կլինեն՝ սա հարցի մյուս կողմն է։
Հոգեբանի համոզմամբ՝ անցյալ տարվա ապրիլը շատ կարևոր դասեր քաղելու տեղիք տվեց։ «Ամեն օր չէ, որ մարդիկ խոսում էին հայրենիքից, հայրենասիրությունից։ Բայց երբ կանգնեցինք հարցի առաջ, տեսանք, թե ինչ տրամադրություններ են առաջանում մեզանում։ Վտանգի զգացողությունը միանգամից համախմբում է։ Սա միայն մեզ չէ, որ բնութագրական է։ Սոցիալական հոգեբանության մեջ դա հետազոտված երևույթ է»,- ասաց տիկին Նալչաջյանը։
Նա նշեց նաև, որ արտաքին վտանգի առկայությունը համախմբում է մարդկանց, և մենք չենք կարող այստեղ օրինաչափությունից դուրս լինել։ Չնայած, ինչպես նկատեց նա՝ այս երևույթը հայերին շատ բնորոշ է դեռ հնուց, և այստեղ կարելի է և՛ դրական գնահատական տալ, և՛ բացասական, որովհետև հավաքված պետք է լինել միշտ։
Տիկին Նալչաջյանի գնահատմամբ՝ հատկապես անընդունելի է չստուգված տեղեկությունների տարածումը, ինչն այս իրավիճակում կարող է մեզ հոգեբանորեն խոցելի դարձնել։
«Վախի մթնոլորտում ապրելով, հասարակության մեջ տագնապ ներարկելով՝ մենք ուղղակի թուլանում ենք։ Մենք գիտենք, որ այսօրվա պատերազմները միայն մարտի դաշտում չեն տեղի ունենում։ Կհաղթի նա, ով հոգեբանորեն ավելի կայուն է, իսկ վախն ու տագնապն ուղղակի թուլացնում են բոլորին»,- ասաց հոգեբանը։
Լրագրողներից մեկի հարցին, թե Արցախի ՊԲ-ի տարածած հայտարարությունն այն մասին, որ ամեն օր սահմանից լուր չեն հաղորդելու, ինչպես նախկինում էր, ավելի շատ խուճապ չի՞ առաջացնի, տիկին Նալչաջյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ բանակն այն ոլորտն է, որը լրիվ բաց լինել չի կարող։ Եթե մենք շաբաթը մեկ ստանանք ինֆորմացիան, դա չի նշանակի, որ տեղեկատվությունը փակ է։ Այս պայմաններում զոհեր թաքցնելն անհարին է։ Աշխարհը փոքր է, Հայաստանը՝ առավել ևս»։
Նրա խոսքով՝ բանակն այն ոլորտն է, որտեղ կան գաղտնիքներ, և այդ գաղտնիքները մենք պետք է հարգենք։ «Եթե իմ իմացած մանրամասնությունները թշնամուն տեղեկություն են տալու, որպեսզի նա ավելի ճիշտ գործի, ես չեմ ուզում ինֆորմացված լինել։ Այս որոշումն իր մեջ այնպիսի սահմանափակում չի պարունակում, որ մենք մեզ տեղեկատվությունից զրկված զգանք»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ամեն օր սահմանից տեղեկատվություն հաղորդելն արտաքին աշխարհին ավելի տեղեկացված չի պահի Ադրբեջանի կատարած գործողությունների մասին, հոգեբանն ասաց.
«Արտաքին աշխարհը մեր հոգսերով չի քնում, արթնանում։ Կարևորն աշխարհին հարաբերակցվելու ձևն է, ինֆորմացիայի ճիշտ մատուցումը, ոչ թե ասելը, թե քանի անգամ են կրակել։ Ավելի լավ է՝ տեղեկություն տանք մեկ շաբաթվա կտրվածքով, բայց այնպես մատուցենք, որ ազդեցիկ, նպատակուղղված լինի»։
Ռոզա Հակոբյան